Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանություններին քննադատում են հակաճգնաժամային թույլ տնտեսական քաղաքականության համար


Ռուսաստան - Հեծանվորդ Մոսկվայի դատարկ փողոցում. 17-ը ապրիլի, 2020թ.

Եթե նավթի գները մինչև տարվա վերջ լինեն այնպիսին, ինչպիսին այսօր են, Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամում տարեվերջին կլինի 7 տրիլիոն ռուբլի՝ 5 տրիլիոնով պակաս, քան ներկայումս է: Երեկ այսպիսի հայտարարություն է արել երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Ավելի վաղ նույն ֆինանսների նախարարությունը հայտարարում էր, թե ռուսաստանյան ֆինանսական ռեզերվները բավարար են 6-9 տարի առանց լուրջ ցնցումների ապրելու համար:

Սիլուանովի երեկվա հայտարարությունից, սակայն, ստացվում է, որ մինչև տարվա վերջ այդ հիմնադրամի շուրջ 40 տոկոսը Ռուսաստանի կառավարությունը կծախսի:

Կորոնավիրուսի համաճարակի և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև մարտին նավթային պատերազմների հետևանքով էներգակիրների գներն աննախադեպ անկում էին արձանագրել:

Թեև ապրիլի 12-ին OPEC+-ի շրջանակում ռուսներին և սաուդցիներին հաջողվել է պայմանավորվել, և ռուսները համաձայնել են նավթի արդյունահանումը կրճատել օրական 2,5 միլիոն բարելով, նավթի գները չեն վերադարձել փետրվարյան ցուցանիշներին: Վերլուծաբանները կարծում են, որ համաճարակի պատճառով գներն էապես չեն փոխվի առաջիկա ամիսներին և նույնիսկ տարիներին:

Մինչդեռ Ռուսաստանում արդեն մի քանի շաբաթ է փակ են ձեռնարկությունների մեծ մասը, որպես հետևանք՝ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, իսկ ռուսաստանցիների եկամուտները շոշափելի անկում են արձանագրել:

Տնտեսագետները քննադատում են իշխանություններին հակաճգնաժամային թույլ տնտեսական քաղաքականության համար, իսկ ռուսաստանցիները, Bloomberg-ի տվյալներով, մարտի սկզբից մինչ օրս բանկերից հանել են շուրջ 1 տրիլիոն ռուբլի՝ նույնքան, որքան ամբողջ անցած տարվա ընթացքում:

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը, ինչպես իշխանություններն են ասում, դեռ չի հասել իր պիկին: Ընդհանուր առմամբ, երեկվա տվյալներով, երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մոտ 43 հազար դեպք:

Կիրակի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարանտինային ռեժիմը երկրում դեռ պահպանվելու է, իսկ արդեն շուրջ մեկ ամիս ինքնամեկուսացված նախագահը շարունակելու է աշխատել նույն ռեժիմով՝ տեսակապի միջոցով:

Ռուսաստանում, հիշեցնենք, արտակարգ դրություն չի հայտարարվել, սակայն գործում է կարանտինային խիստ ռեժիմ, իսկ ռուսաստանցիների մեծ մասին կառավարությունն ուղարկել է վճարովի արձակուրդի մինչև ապրիլի 30-ը:

Երեկ ռուսական աղբյուրները գրել են, որ արձակուրդներն ամենայն հավանականությամբ կերկարաձգվեն:

XS
SM
MD
LG