Մատչելիության հղումներ

«Պատվաստանյութի գաղափարը հուսադրող է, բայց այն դժվար է ստեղծել»


Գիտնականները փորձում են ստեղծել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Գիտնականները հավատում են, որ նյութը կստեղծվի 12-18 ամիսների ընթացքում:

Պատվաստանյութերի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Ջերոմ Քիմի համոզմամբ, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց ստեղծելու գաղափարն ինքնին հուսադրող է, սակայն հարկ է հիշել, որ դա շատ երկարատև և բարդ գործընթաց է:

«Սովորաբար, որպես կանոն, պատվաստանյութ ստեղծելու համար պահանջվում է 5-ից 10 տարի: Բայս հիմա ոչ թե սովորական, այլ արտակարգ իրավիճակ է, և աշխարհի գիտնականները հուսով են, որ մենք ի զորու կլինենք աշխատող վակցինա ստեղծել 12-ից 18 ամիսների ընթացքում»,- ասել է Ջերոմ Քիմը:

Նա այդ մեկնաբանություններով հանդես է եկել «Չինաստանի համաշխարհային հեռուստացանց» ընկերությանը տված հարցազրույցում, որը տեսագրվել է Հարավային Կորեայում:

Գիտնականի փոխանցմամբ, վարակաբանության պատմության էական նվաճում կլինի, եթե հաջողվի երկու ամսից սկսել COVID-19 հիվանդությունը կանխելու վակցինայի փորձարկումները:

Նա պարզաբանում է, որ, օրինակ, ՄԻԱՎ-ի, թոքախտի կամ մալարիայի դեպքում մարդու իմունային համակարգը չի կարողանում ամբողջությամբ օրգանիզմը մաքրել վարակից, ճնշել հիվանդությունը:

Մինչդեռ նոր կորոնավիրուսով վարակվածները բուժվելուց հետո կարծես թե ձեռք են բերում COVID-19-ի դեմ իմունիտետ, և դա շատ դրական հանգամանք է, քանի որ տալիս է ապագայում այդ վիրուսով այլևս չվարակվելու հույս:

Վակցինա ստեղծելուց առաջ գիտնականները պետք է համոզվեն, որ ապաքինվածների մոտ գոյացել են հակամարմիններ, որոնք պետք է պաշտպանեն մարդուն նորից վարակվելու վտանգից:

Բայց նույնիսկ եթե հաջողվի ստեղծել պատվաստանյութը, դա կլինի սոսկ առաջին քայլը, քանի որ անհրաժեշտ է բոլորին ապահովել այդ նյութով:

«Հիշեք, որ 7 միլիարդանոց մարդկության նույնիսկ կեսին վակցինա տրամադրելու համար կպահանջվի 3,5 միլիարդ դոզա: Ոչ մի ընկերություն, նույնիսկ մեկ միլիարդ դոզա արտադրելու խոստում տված Johnson&Johnson-ը, չի կարող 3,5 միլիարդ դոզա արտադրել: Մեկ միլիարդով մարդկության մեծ մասին չես պաշտպանի: Սա կպահանջի ամբողջ միջազգային հանրության համագործակցությունը», - ասել է գիտնականը:

Նա հավատում է, որ GAVI կազմակերպությունը (Global Alliance for Vaccines and Immunisation), Միացյալ Նահանգները, Չինաստանը և այլ կառավարություններ ու կառույցներ կկարողանան մեկտեղել ուժերը և ապահովել նոր կորոնավիրուսի դեմ վակցինայի ոչ միայն ստեղծումը, այլև առաքումն աշխարհի բոլոր երկրներ:

XS
SM
MD
LG