Մատչելիության հղումներ

Բիլ Գեյթս. «Ամեն ինչ կանեմ, որ վակցինան մատչելի լինի բոլորին»


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, արխիվ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, արխիվ

Microsoft ընկերության համահիմնադիր և բարեգործ, մոլորակի ամենահարուստ մարդկանցից Բիլ Գեյթսն ասել է, որ աշխարհի պետությունները պարտավոր են շատ ավելի մեծ միջոցներ հատկացնել առողջապահությանը:

Դա, ըստ բարեգործի, թույլ կտա կասեցնել նոր կորոնավիրուսի հետագա տարածումը, ստեղծել պատվաստանյութեր և պատրաստ լինել ապագայում հնարավոր նմանօրինակ արհավիրքներին հակազդելուն:

Չինաստանի կենտրոնական հեռուստակայանին տված հարցազրույցում Գեյթսը գովեստով է խոսել Չինաստանում կորոնավիրուսի դեմ ագրեսիվ պայքարի մասին:

«Համավարակները մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն են, բոլոր երկրները, այդ թվում` Ամերիկան, Չինաստանը պետք է շատ ավելի մեծ գումարներ տրամադրեն, պատրաստ լինեն հաջորդ համավարակին, որը հարյուրավոր միլիարդների ծախս կպահանջի: Բայց եթե հաշվի առնել մոլորակի տնտեսության ծավալը և պետությունների բյուջեներըմ դա իրականում շատ փոքր գումար է»,- ասել է Գեյթսը:

Նա հարցազրույցում նաև նշել է, որ այս համավարակի արդյունքում ստեղծված կացությունը ցույց է տալիս, թե որքանով են արդիական աշխարհում միմյանցից կախված բոլոր երկրները: Նա կոչ է արել օգնել այն պետություններին, որոնք սոցիալ-տնտեսական բարդ խնդիրների բերումով ի զորու չեն միայնակ պայքարել կորոնավիրուսի և այլ վարակների դեմ:

«Այսօրվա հրամայականն է ստեղծել կորոնավիրուսի դեմ արդյունավետ, հզոր պատվաստանյութ»,- ասել է Գեյթսը և հավաստիացրել է, որ եթե ստեղծվեն վակցինաներ, ինքն անձամբ ամեն ինչ կանի, որ դրանք մատչելի լինեն բոլորի համար:

XS
SM
MD
LG