Մատչելիության հղումներ

Novavax ընկերությունը նոր վակցինայի վրա է աշխատում


Կորոնավիրուսի պատկերն էլեկտրոնային մանրադիտակով
Կորոնավիրուսի պատկերն էլեկտրոնային մանրադիտակով

Ամերիկյան ընկերություններից Novavax Incorporation կենսաճարտարագիտական գերարդիական կենտրոնը հայտնել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու նախաձեռնության մասին: Մերիլենդի նահանգում տեղակայված Novavax-ը մարդկանց վրա փորձարկումները սկսելու է մայիսի կեսերին:

Պատվաստանյութի նախատիպի գիտական համարն է NVX-CoV2373, այն պետք է հզորացնի մարդու իմունային արձագանքը վիրուսին: Դրանում պարունակվող տարրերը խթանում են հակամարմինների արտադրությունը, որոնք էլ օրգանիզմին երկարատև պաշտպանություն են տալիս վիրուսների և մանրէների դեմ:

«Մենք մեր ամբողջ հզորությամբ ենք աշխատում, կենդանիների վրա փորձարկումները վկայում են հեռանկարի մասին: Երբ ախտահարվում ես վիրուսով, ասենք, գրիպի վիրուսով, հնարավոր է չափել վիրուսը չեզոքացնող հակամարմինների ակտիվությունը, դա է մեր թիրախը, դա իմունային համակարգն է: Դա պատվաստանյութի համար լուրջ նվաճում է, կենդանիների վրա փորձարկումների արդյունքը հույս է տալիս, որ այդ նյութը կարող է աշխատել նաև մարդու դեպքում»,- ասել է Novavax ընկերության հետազոտական խմբի ղեկավար Գրեգորի Գլենը:

Novavax-ը միացել է գերարդիական մի քանի տասնյակ լաբորատորիաների, որոնք փորձում են այս արտակարգ պայմաններում հնարավորինս արագ գտնել վիրուսի դեմ հակազենքեր:

Հեռանկարային է համարվում Gilead Sciences ընկերության հակավիրուսային դեղը, առաջիկայում լավատեսական լուրեր են ակնկալվում Roche Holding և Regeneron Pharmaceuticals ընկերություններից:

Ինչո՞ւ են այդչափ վտանգավոր վիրուսներն ու մասնավորապես, կորոնավիրուսը

«Վիրուսն ունի «փշեր», դրանք շատ կարևոր են օրգանիզմը վարակելու ժամանակ, դրանցով վիրուսը միանում է մարդու բջիջին և շատ ամուր է միանում, շատ, կարծես, մի սուպերսոսնձի միջոցով, մենք ցանկանում ենք դա ընդհատել և հակամարմինների ներգործությամբ չեզոքացնել «փշի» պրոտեինները»,- ասել է Գրեգորի Գլենը:

Novavax ընկերությունը ենթադրում է, որ նոր նյութի իմունոգենության և անվտանգության վերաբերյալ արդյունքները, հավանաբար, կստացվեն այս տարվա հուլիսին:

XS
SM
MD
LG