Մատչելիության հղումներ

Վրաստանը մտել է կորոնավիրուսի լայնամասշտաբ ներքին տարածման փուլ, հայտարարում է երկրի վարչապետը


Վրաստան - Հավատացյալները մասնակցում են Ծաղկազարդի արարողություններին Թբիլիսիի տաճարներից մեկում, 12-ը ապրիլի, 2020թ.
Վրաստան - Հավատացյալները մասնակցում են Ծաղկազարդի արարողություններին Թբիլիսիի տաճարներից մեկում, 12-ը ապրիլի, 2020թ.

«Վրաստանում սկզիբ է առել կորոնավիրուսի ներքին, լայնամասշտաբ տարածման փուլը», - երեքշաբթի օրը Թբիլիսիում ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան` նշելով, որ այս հանգամանքը ստիպում է երկրի կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը և է՛լ ավելի խստացնել գործող սահմանափակումները:

«Այսօր, առաջին անգամ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր, Վրաստանի տարածքում մեկ օրում կորոնավիրուսի 30 հաստատված դեպք է արձանագրվել: Եվս 500 մարդ հետազոտվում է, քանի որ նրանց մոտ ևս կորոնավիրուսի առկայություն է կասկածվում: Դա նշանակում է, որ այժմ մենք գտնվում ենք վարակի լայնամաշտաբ ներքին տարածման փուլում», - ասաց Գախարիան՝ շարունակելով. - «Չնայած մենք պետք է երախտապարտ լինենք մեր համաճարակաբաններին, բժիշկներին, գիտնականներին` ձեռնարկած քայլերի համար, միևնույն է, որևէ մեկն այս պահին չի կարող ասել, թե երբ է համաճարակը գագաթնակետին հասնելու»:

Վարչապետի խոսքով՝ այս ամենը ստիպում է երկրի իշխանություններին գնալ գործող սահմանափակումների խստացմանը և նորերի ներմուծմանը:

«Ապրիլի 15-ի երեկոյանի ժամը 9-ից տասն օրով արգելվում է ելումուտը երկրի խոշորագույն չորս քաղաքներ` Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի և Ռուսթավի: Նախարարների կաբինետը նաև դիմում է երկրի նախագահին և խորհրդարանին`արտակարգ դրության ռեժիմը և պարետային ժամի գործողությունը երկրի տարածքում մինչև մայիսի 10-ը երկարաձգելու խնդրանքով», - հայտարարում էր Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակի վատթարացման ևս մեկ վկայությունն են այն աննախադեպ քայլերը, որ ձեռնարկվում են երկրի կառավարության կողմից: Վարչապետ Գախարիան մասնավորաբար չի բացառում, որ արդեն առաջիկա օրերին կառավարությունը կարող է երկրի տարածքում գործող բոլոր գերեզմանատներ մարդկանց մուտքն արգելելու որոշում կայացնել: Այս քայլի նպատակը Սուրբ Հարության տոնին հաջորդող մեռելոցի ժամանակ գերեզմանոցներում մարդկանց կուտակումներից խուսափելն է:

Նշենք, սակայն, որ այս պահին վրացական կառավարության գլխավոր մտավախությունները կապված են հենց կրոնական տոների` մասնավորապես ուղղափառների կողմից ապրիլի 19-ին նշվող Սուրբ Զատկի հետ:

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ օրս կտրականապես հրաժարվում է հետևել համաճարակաբանների խորհրդին և կրոնական արարողություններն անցկացնել առանց հավատացյալների, փակ դռների ետևում:

Անցած կիրակի օրը, Ծաղկազարդի տոնին վրացական բոլոր եկեղեցիներն ու տաճարները լեփ-լեցուն էին: Որպես հետևանք՝ երեկ արդեն հայտնի դարձավ Վրաց ուղղափառ եկեղեցու` կորոնավիրուսով վարակված առաջին սպասավորի մասին, որն, ըստ թբիլիսյան լրատվամիջոցների, վարակել է նաև իր քրոջն ու զարմիկին:

Դրան էլ գումարած՝ կորոնավիրուս ախտանիշը հաստատվել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի` Իլյա երկրորդ կաթողիկոս-պատրիարքի նստավայրի պահակներից մեկի մոտ:

XS
SM
MD
LG