Մատչելիության հղումներ

Վրաց համաճարակաբանները կոչ են անում հավատացյալներին այս Զատիկը անցկացնել տանը


Վրաստանի կառավարության անդամները լուրջ մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի համաճարակը երկրում գագաթնակետին կհասնի արդեն ապրիլի երկրորդ կեսին:

Նման սցենարին կարող են նպաստել նախևառաջ զատկական տոները և Վրաց ուղղափառ եկեղեցու որոշումը` չնայած երկրում ստեղծված կացությանը շարունակել հավատացյալների մասնակցությամբ ժամերգությունների անցկացումը:

Եկեղեցու որդեգրած նման դիրքորոշումն է պատճառը, որ վրաց համաճարակաբաններն այսօր փորձում են ազդել ոչ թե հոգևոր հայրերի, այլ շարքային հավատացյալների վրա:

«Եկեք պաշտպանեք մեր մայր եկեղեցին և մեր հոգևորականներին` զերծ մնալով եկեղեցի գնալուց և աղոթելով տանը: Պարզ է, որ եկեղեցու դռները չեն կարող փակ լինել, սակայն այնտեղ կգտնվեն հոգևորականները, որոնք կաղոթեն բոլորիս համար», - նախօրեին Թբիլիսիում հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգողներից մեկը` Վրաստանի գլխավոր համաճարակաբան Պաատա Իմնաձեն:

Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորները սակայն բժիշկների այս կոչերին հետևել ակնհայտորեն չեն պատրաստվում: Ժամերգությունները Վրաստանի տարածքում գտնվող տասնյակ եկեղեցիներում շարունակվում են նաև այս օրերին, սոցիալական տարածությունը պահպանելու կոչերը ևս ցուցադրաբար անտեսվում են:

«Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է միայնակ գտնվել տաճարում և Սուրբ Հարության տոնի առթիվ ժամերգությունն անցկացնել առանց հավատացյալների: Տոնն այդ դեպքում ամբողջությամբ կիմաստազրկվի», - հայտարարել է վրացական եկեղեցու ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` արքեպիսկոպոս Շալվա Կեկելիան:

Համաճարակաբանների կարծիքով, վրացական եկեղեցու նման անհաշտ դիրքորոշումը կարող է կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի, անգամ անվերահսկելի իրավիճակի հանգեցնել:

Այսօր արդեն վարակակիրների թիվը Վրաստանում հասել է 195-ի: Վրացական իշխանությունների ներկայացրած տվյալների համաձայն սակայն, հիվանդանոցներում գտնվող անձանց թիվը անհամեմատ ավելի մեծ է:

«383 մարդ գտնվում է բուժհիմնարկներում` բժիշկների հսկողության ներքո», - հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը՝ չհստակեցնելով սակայն, թե արդյոք այդ մարդիկ վարակակիրներ են, իսկ եթե վարակակիր չեն, ինչո՞ւ են գտնվում հիվանդանոցներում:

Ընդգծենք նաև որ մարդկանց այս մի խմբից բացի, առկա է նաև կարանտինում գտնվող 4735 Վրաստանի քաղաքացի:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հաստատված դեպքերին, ապա այդ մարդկանց շրջանում բավական մեծ թիվ են կազմում թոքաբորբով ունեցողները: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով հիվանդների երկու երրորդը, օրինակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, թոքաբորբ ունի:

Երկրում արձանագրված մահվան առաջին երկու դեպքերի և կորոնավիրուսի ծանր դեպքերի աճի իրական հնարավորության ֆոնին Կառավարությունը չի բացառում, որ Վրաստանի առողջապահական համակարգը կարող է այլևս ի վիճակի չլինել ապահովել բոլոր վարակակիրների հոսպիտալացումը` կենտրոնանալով ծանր դեպքերի վրա:

«Վարակիրների թիվը գնալով աճում է: Նման պայմաններում մեր առջև ծառացած հիմնական խնդիրը բժշկական համակարգի կարողությունների ընդլայնումն է, որպեսզի հնարավոր դառնա թեթև հիվանդների տնային բուժումը», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Ադրբեջանում վարակված է 700-ից ավելի մարդ, 8 հոգի մահացել է

Հարավային Կովկասի մյուս պետությունում՝ Ադրբեջանում ևս իշխանությունները շարունակում եմ մոբիլիզացնել ուժերը կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքներին դիմադրելու համար։ Կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, վերջին 24 ժամերին կորոնավիրուսի վարակակիրների թիվը երկրում ավելացել է 76-ով, մեկ մարդ մահացել է։

Այսպիսով կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի, իսկ վարակակիրների ընդհանուր քանակը գերազանցել է 700-ը։ Նման պայմաններում նախագահ Իլհամ Ալիևը երեկ անկեղծորեն խոստավանել է, որ երկիրը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում որոշ կենսական նշանակության պիտույքների, մասնավորաբար՝ բժշկական դիմակների պակասի է բախվել։ Դա է պատճառը, որ Սումգաիթում հատուկ արտադրական ձեռնարկություն է ստեղծվել, որը զբաղվելու է բացառապես դինակների արտադրությամբ։

«Այսօրվանից մեր երկրում մեկնարկում է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությունը; Այսօր ողջ աշխարհում, նաև Ադրբեջանում դիմակների պակաս է զգացվում, և մենք կախվածության մեջ ենք հայտնվել ներմուծման ծավալներից», - հայտարարել է Ալիևը՝ խոստանալով, որ արդեն առաջիկա շաբաթներին նորաստեղծ ձեռնարկությունն ի վիճակի կլինի օրական ավելի քան 350 հազար դիմակ կարել։

XS
SM
MD
LG