Մատչելիության հղումներ

Սբ. Հարության տոնին վրացի հավատացյալները հնարավոր է գիշերեն եկեղեցում՝ պահպանելով պարետային ժամը


Վրաստան - Վրացի հավատացյալներ, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրի
Վրաստան - Վրացի հավատացյալներ, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրի

Վրաստանում խիստ սահմանափակումների հետ մեկտեղ նաև պարետային ժամ է մտցված երեկոյան ժամը 9-ից մինչև վաղ առավոտյան ժամը 6-ը, ու քանի որ քրիստոնյա աշխարհի ամենանվիրական տոնի՝ Սուրբ Հարության կրոնական արարողությունների ու պարետային ժամի սահմանափակումների հակասությունները դեռ չեն լուծվել, լրագրողները ներքին գործերի նախարարին երեկ հարցրել են, թե ինչպես են վարվելու երեկոյան ժամը 9-ից հետո դրսում գտնվող հավատացյալների հետ:

Վախթանգ Գոմելաուրին հարցին հարցով է պատասխանել: «Եթե հավատացյալները մտնեն եկեղեցի ու մինչև առավոտվա ժամը 6-ը դուրս չգան, ձեր կարծիքով արդյո՞ք դա օրենքի խախտում կլինի», - ասել է նա՝ թերևս անուղղակի նշելով հարցի լուծման տարբերակներից մեկը:

Վարչապետ Գիորգի Գախարիան ավելի վաղ հավատացյալներին հորդորել էր տանը աղոթել, բայց հոգևոր առաջնորդ Պատրիարք Իլյա երկրորդը հայտարարել էր, թե եկեղեցու դռները հավատացյալների առաջ չեն կարող փակվել: Եկեղեցին ու Պատրիարքը Վրաստանում բարձր հեղինակություն ունեն, դա ցույց են տալիս տարիների ընթացքում անցկացված բոլոր հարցումները, ու կառավարության համար ցանկալի չի լինի հակասությունների մեջ ընկնել:

Եկեղեցի-պետություն բանակցությունները դեռ շարունակվում են: Ներքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ համաձայնություն ձեռք կբերվի, կանոնները չեն խախտվի: «Կպայմանավորվենք, որ ո՛չ մենք, ո՛չ եկեղեցին օրենքները չխախտենք», - ասել է Գոմելաուրին:

Հարցին՝ կտուգանվե՞ն արդյոք օրենքը խախտած հոգևորականները կամ հավատացյալները, Վախթանգ Գոմելաուրին արձագանքել է, թե նրանք օրենքը չեն խախտում, եկեղեցում բոլորից լավ են պահպանվում կանոնները, օրինակ՝ սոցիալական հեռավորությունը, «թեկուզ այս տարածությունը, որ մենք հիմա խախտում ենք»,- ասել է նա լրագրողներին:

Վրաստանում հայտարարված արտակարգ դրության և պարետային ժամի պահանջներով՝ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ն արգելվում է փողոց դուրս գալ, ինչպես նաև երեք հոգուց ավելի արգելվում է հավաքվել: Խախտողներին մեծ չափի տուգանքներ են սպառնում՝ քաղաքացիների համար` 3 հազար լարի (մոտ 900 դոլար), իրավաբանական անձանց համար` 15 հազար լարի:

Դեռևս պարզ չէ, թե պարետային ժամի պայմաններում Վրաստանի եկեղեցիներում ինչպես են անցկացվելու Սուրբ Հարության հոգևոր արարողությունները: Վրաց ուղղափառ եկեղեցին այս տարի Զատիկը նշելու է ապրիլի 19-ին:

Արքեպիսկոպոս Շալվա Կեկելիձեն առաջարկել էր, որ հավատացյալները եկեղեցի գան մինչև երեկոյան ժամը 9-ը և մնան մինչև առավոտյան 6-ը, բայց Պատրիարքարանի մամուլի ծառայությունն ասել է, թե այդ առաջարկը Պատրիարքարանի հետ համաձայնեցված չէ:

XS
SM
MD
LG