Մատչելիության հղումներ

Կառավարությունը աջակցություն կտրամադրի միկրոձեռնարկատերերին


Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն հաստատվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամի չափով հայտ, որը գործադիրի նախատեսված աջակցության ռեսուրսների 10 տոկոսից էլ պակաս է: Այսօր այս մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ գործընթացը շարունակական է:

«Իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկներ, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», - նշեց վարչապետը:

Ընդհանուր առմամբ կառավարությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաստատված 10 ծրագիր ունի: Վերջինը, որը հաստատվեց այսօր, վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն՝ նրանց, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:

Այս պահի հաշվարկներով՝ ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը 6000 է, տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների կատարված աշխատանքների և մատակարարած ապրանքների իրացման հասույթը: Այլ կերպ ասած՝ մենք առաջնահերթ խրախուսում ենք միկրոձեռնարկատիրության տվյալ շահառուների այն անձանց, ովքեր որ իրենց կողմից մատակարարված ապրանքները, մատուցված ծառայությունները և կատարված աշխատանքները պատշաճ ձևով փաստաթղթավորել են», - ասաց Անանյանը:

Կառավարության նիստից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնեց՝ 10 միջոցառումներից 6-ն արդեն իրագործման փուլում են, 7-րդի փաստացի իրականացումը կսկսվի ապրիլի 10-ից, մնացածը՝ երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 13-ից: Սոցիալական ծրագրերից 4-րդի և 6-րդի շահառուներն արդեն ստանում են իրենց հատկացված միջոցները: Խոսքն այս ընթացքում աշխատանք կորցրած քաղաքացիներին տրամադրվող միանվագ գումարի մասին է: Ծրագրի շահառու եք, թե ոչ՝ կարող եք ստուգել ssa.am կայքում:

«Կարող է այդ կայքի միջոցով մուտքագրել իր տվյալները և ճշտել, որտեղ նշված է նաև այն բանկը, ուր կարող է մոտենալ քաղաքացին՝ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ աջակցություն: Հիշեցնեմ, որ աջակցությունը միանվագ է», - նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վաղվանից իրենց գումարները կարող են ստանալ նաև հղի կանայք: Սոցապ նախարարություն դիմած 15 հազար կանանցից, նախնական տվյալներով, ծրագրի պահանջներին բավարարել է 3 հազար 750-ը: Սոցիալական 8-րդ և 9-րդ ծրագրերից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է նախարարության կայքում ստուգել ձեր անվան առկայությունը:

«Եթե օրինակ՝ տվյալ պահին ձեր անունը չեք գտնում, ապա պետք է փորձել ավելի ուշ, որովհետև, նորից եմ կրկնում, դրանք թարմացվում են», - ասաց Բաթոյանը:

Բիզնես շրջանակներին առաջարկվող փաթեթները հիմնականում ենթադրում են վարկերի տրամադրում՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառման եղանակով:

Ապրիլի 8-ի դրությամբ բանկային համակարգը բավարարել է 1 միլիարդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթներ՝ փաստացի տրամադրելով է 520 միլիոն դրամ։ Ծրագրերից օգտվելու նախապայման է՝ լավ վարկային ու հարկային պատմությունը։ Ի՞նչ անեն մյուս տնտեսվարողները, քննադատություններին արձագանքում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այո, որոշակի չափորոշիչներ պետք է ունենալ կապված ռիսկերի կառավարման հետ, որովհետև մենք գործ ունեն հանրային ռեսուրսի հետ, որն, ըստ էության, միջնորդավորված պարտքով տրամադրում ենք տնտեսվարողներին», - նշեց Գրիգորյանը:

Բիզնեսի ներկայացուցիչները, սակայն, վերապահումներ ունեն կառավարության առաջարկած փաթեթների վերաբերյալ։

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն, օրինակ, ասում է՝ որպես առաջին քայլ իրենք ակնկալում են հարկային արձակուրդ, որից հետո միայն գործարարը նոր վարկերի ներգրավման ռիսկի կկարողանա դիմել: Բացի այդ գործարարի համար ավելի ընդունելի տարբերակ է ուղիղ կառավարության հետ համագործակցությունը, ոչ թե բանկերի միջոցով։

«Ֆինանսական սեկտորն էլ պետք է որոշակի ռիսկեր կիսի: Ինքը տնտեսության մեջ բավականին ուժեղ դիրք ունեցող խաղացող է, և ինքը պետք է որոշակի ռիսկեր կիսի այլ ոլորտների հետ, որոնք որ խոցված են և ընդհանուր մեր տնտեսության հետ», - ասաց Գևորգյանը:

Բացի այդ Վահե Գևորգյանը կարծում է, որ զբոսաշրջության և հանրային սննդի ոլորտի համար առանձին փաթեթ մշակելու անհրաժեշտություն կա։

«Այս ոլորտները, որոնք այս պահին լուրջ խոցված են, սրանք մեծ վտանգ կա, որ իրենք կարող է ուղղակի գնան մասսայական անկման: Մենք գտնում ենք, որ պետք է, անհրաժեշտ է այդ աջակցությունը՝ որոշակի ֆինանսական միջոցների ներարկմամբ», - նշեց նա:

XS
SM
MD
LG