Մատչելիության հղումներ

Սպասարկման ոլորտը ճգնաժամային վիճակում է


«Ֆիթնես» ցանցի հիմնադիր Մարինա Անդրեասյանի համար զարմանալի է՝ ինչո՞ւ կառավարությունը խոցելի ոլորտների թվին չի դասել մարզասրահները:

«Ֆիթնես» ցանցի հիմնադիր Մարինա Անդրեասյան
«Ֆիթնես» ցանցի հիմնադիր Մարինա Անդրեասյան

Կառավարության 8-րդ ծրագրից, օրինակ, կարող են օգտվել հյուրանոցները, ռեստորանները, վարսավիրանոցներն ու առևտրի կենտրոնները, բայց ոչ մարզասրահները: Մինչդեռ ծրագիրը հնարավորություն է տալիս լուծել աշխատակիցների գոնե նվազագույն աշխատավարձի խնդիրը:

«Մենք առաջինն ենք փակվել, քանի որ կա խնդիր՝ այստեղ մարդիկ շատ սերտ են շփվում, իրենց առողջության հետ է կապված, նույն հանդերձասրահներում շփումը և այլն, դա շատ ռիսկային է: Դեռ երկար ժամանակ մենք քիչ-քիչ ենք վերականգնվելու, և մարզիչները հիմնականում գործարքային աշխատակիցներ են: Իրենք էլ. ինչպես վարսավիրները, մատուցողները և այլ տարբեր սուբյեկտներ, որոնց այս պահին կառավարությունը աջակցում է, իրենք նույնպես ունեն աջակցության կարիք, քանի որ իրենք էլ այս պահին մնացել են առանց հաճախորդ», - նշեց «Ֆիթնես» ցանցի հիմնադիրը:

Անդրեասյանն ասում է՝ իրենք փորձում են իրավիճակից ելնելով ծառայությունները տրանսֆորմացիայի ենթարկել: Օրինակ՝ այս ընթացքում մշակել ու օնլայն մարզումների փաթեթի վաճառք են սկսել: Իսկ ստանդարտ փաթեթների վրա կիրառում են կտրուկ զեղչեր, բայց, միևնույն է, համեմատելով նախկին ամիսների հետ՝ պասիվությունն ակնհայտ է, մինչդեռ բիզնեսն ունի հաստատուն ծախսեր։

«Դա վերաբերում է և՛ կոմունալներին, և՛ հարկերին, և՛ ֆիքսված աշխատավարձերին, նաև տարածքի վարձակալության վճարներին, իսկ եթե դա վարձակալություն չի, ապա այդ ամբողջ տարածքը պահելու, մաքրելու, մեծ ակումբների դեպքում նման վճարները, եթե լողավազան կա, առավել ևս շատ մեծ ծախս է լողավազանի հետ կապված ծախսերը, այսպես թե այնպես ակումբը գործելու դեպքում ֆիթնեսը վճարում է: Բնականաբար, նախորդ ամիս երբ որ ակումբը գործել է, դա վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում հաջորդ ամսվա հավաքված եկամուտից: Բոլոր ֆիթնես ակումբները այդպես են աշխատում, հիմնականում չկա այդ ռեզերվային մեծ եկամուտը, որ այդ ամիս մենք ստացանք եկամուտ՝ այդ ամսվա ծախսերը, հաջորդ ամսվա ծախսերը՝ հաջորդ ամիս, մենք այդ նույն ամսվա ստացած եկամուտից վճարենք», - ասաց Մարինա Անդրեասյանը:

Կանխատեսվում է, որ դեռ երկար ժամանակ նախկին շրջանառությունն ապահովել հնարավոր չի լինի, քանի որ մարզասրահների դեպքում մարդիկ կշարունակեն զգուշավորություն ցուցաբերել:

«Բնականաբար, այս իրավիճակում տնտեսական, որտեղ որ մարդկանց վարքագիծն է փոխվում և նաև վճարունակությունն է փոխվում, արդյունքում մարդիկ գնում են ավելի պրակտիկ և ավելի ցածր գնով ծառայությունների, և հաշվի առնելով, որ ֆիթնեսը առաջին անհրաժեշտության պահանջմունքի ծառայություն չի, արդյունքում դեռ երկար ժամանակ ֆիթնես ակումբները այս հարվածից հետ են գալու», - նշեց նա:

Դիանա Բուդոյանը ծանոթ է արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության դիրքորոշմանը: Նրա՝ մոտ մեկ ամիս փակված գեղեցկության սրահում, սակայն, վստահ են՝ եթե կառավարությունը հիմա իրենց թույլ տա աշխատել, իրենք, հիգիենայի բոլոր կանոնները պաշտպանելով, կկարողանան կազմակերպել դա:

Գեղեցկության սրահի տնօրեն Դիանա Բուդոյան
Գեղեցկության սրահի տնօրեն Դիանա Բուդոյան

«Կառավարությունը հնարավորինս չափով լուծում է խնդիրները, ամեն մեկս պետք է փորձենք հաղթահարենք այս կրիզիսը, իսկ կառավարությունից միգուցե մտածում եմ թույլ տային, որ գոնե այս արտակարգ իրավիճակում մենք կարողանայինք աշխատեինք արտակարգ ռեժիմով, գրանցումներով: Այս իրավիճակը երկար է տևելու, գոնե ինչ-որ միջոցներ մտածեն, որ մարդիկ գոնե իրար հետ քիչ շփվելով, սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելով գոնե աշխատեն», - ասաց Բուդոյանը:

Նորաբաց սրահի սեփականատերը նկատում է՝ այս ընթացքում միևնույն է բազմաթիվ վարսահարդարներ տնային այցերի միջոցով շարունակում են ծառայություններ մատուցել, իսկ իրենց առաջարկած տարբերակով իշխանությունները կկարողանան վերահսկել սրահների աշխատանքն ու համապատասխան կանոնները չապահովվելու դեպքում արգելանք դնել տնտեսվարողի գործունեության վրա:

«Դեռ կարանտինը հայտարարված չէր, մենք արդեն աշխատում էինք ըստ գրանցումների: Այսինքն՝ մեկ հաճախորդ էինք գրանցում վարսավիրի մոտ, մեկ գրանցում՝ մատնահարդարի, որ սպասասրահում մարդ չլինի, որ սալոնում հավաքույթ մարդկանց չլիներ: Բայց պահպանում էինք բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, ի սկզբանե մարդիկ ախտահանվում էին, ձեռնոց էինք հագցնում բոլորին: Մեզ մոտ ամեն ինչը մեկանգամյա օգտագործման է, այսինքն՝ սրբիչ չէինք օգտագործում, օգտագործում էինք մեկանգամյա սրբիչներ», - նշեց նա:

«Ազատության» հարցին՝ եթե սահմանափակումներով թույլ տան, կարծում է՝ անվտանգության կանոնները պահելով կկարողանա՞ն աշխատել, Բուդոյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո»:

Կառավարության առաջարկած անտոկոս վարկերն այնքան էլ գայթակղիչ առաջարկ չեն թվում գործարարներին։ Իսկ նրանք; ովքեր որոշել են օգտվել հնարավորությունից, ասում են՝ փաթեթներում առկա սահմանափակումները շատ են, և հաճախ շատ առողջ կազմակերպություններ դուրս են մնում ծրագրերից:

«Եթե ինչ-որ տեխնիկական պատճառով 1-2 օր, օրինակ, հարկերի վճարումն ուշացվել է այդ տնտեսվարող սուբյեկտի, դա չի նշանակում, որ ինքը այս պահին չունի այդ օգնության կարիքը կամ ինքը անարժանահավատ է և չի կարող լավ աշխատել և գործունեություն ծավալել: Դա նշանակում է, որ ցանկալի է, որ կառավարությունն իրոք նայի ըստ տնտեսվարող սուբյեկտի հնարավորինս և չլիմիտավորի, ընդամենը ինչ-որ բազային ցուցանիշներով չկտրի այդ հնարավորությունը այդ սուբյեկտների համար», - ասաց Մարինա Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG