Մատչելիության հղումներ

Տնտեսական գործունեության որոշ տեսակներ արդեն թույլատրվում են. տնտեսագետի խոսքով` կարելի է դրանց շարքն ընդլայնել


Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյան, արխիվ
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյան, արխիվ

Այսօրվանից պարետատան որոշմամբ թույլատրվում է բացօթյա շինարարությունը, ծխախոտի արտադրությունը, գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը հանքարդյունաբերությունը և գործունեությունը տնտեսության ևս մի քանի ոլորտներում։

«Սա արվել է մի քանի նկատառումներով` նախ տնտեսական կյանքը չմեռցնելու ի վերջո և նաև որոշակի սոցիալական իրավիճակն էլ ավելի չբարդացնելու նպատակով, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն նախ իրենք իրենց համաճարակային անվտանգության կանոնները», - ասաց վարչապետը այսօր կառավարության արտահերթ նիստին:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չնայած վիրուսի տարածման ռիսկերին, այնուամենայնիվ գնում են այս քայլին, քանի որ փոքր չեն նաև տնտեսական ռիսկերը.- «Մենք պետք է արտակարգ դրության ռեժիմը պահենք, որպեսզի պարետատունն իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»:

Այսօր «Ազատությունը» շրջեց Երևանի տարբեր թաղամասերում՝ արձանագրելով, որ շինհրապարակներում ժամանակ չեն կորցրել և հենց այսօրվանից անցել են աշխատանքի։

Պարետատան ներկայացրած ոլորտներում գործունեությունն արդեն այսօրվանից թույլատրելը տնտեսությունը ոչ թե վերականգնելու, այլ որոշ շարժ մտցնելու փորձ է, ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նրա` կարելի է անգամ ընդլայնել այս շարքը.- «Փոքր արտադրություններ կան, արհեստանոցներ և այլն, որոնք այս ցանկի մեջ չեն մտնում, բայց որոնց գործունեության վերսկսելը որևէ կերպ չի կարող վտանգել իրավիճակը: Փոքր արհեստանոցներ` մեկ, երկու, երեք աշխատող, նրանք արդյունք տալիս են, ծառայություն են մատուցում, արտադրանք են տալիս, և այստեղ կարելի է կառավարելի, այդպիսի փոքր բազմաթիվ մենք ունենք արհեստավորներ ինքնազբաղվածներ կամ ընտանեկան ձեռնարկություններ կամ փոքր ձեռնարկություններ»:

Ասատրյանի խոսքով՝ տարբեր բիզնեսների վերաբացվելու հնարավորություն տալուց հետո ընկերությունների ղեկավարներն արդեն պետք է պատասխանատու լինեն կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումներ իրականացնելու համար.- «Մուտքի ինչ-որ պահանջներ դնել` առանց այս-այս բանի հաճախորդը չի կարող մտնել, աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն, ներսի հիգիենայի պահանջները կատարելը»:

Գործունեության ևս մի տեսակի՝ շինանյութի վաճառքի թույլտվությունը, ըստ Ասատրյանի, կարող է գործազուրկ մնացած հարյուրավոր մարդկանց զբաղվածության հարցը լուծել առանց վիրուսի տարածման մեծ վտանգների։ Բացի այդ, նրա կարծիքով, պետությունը պետք է զարկ տա շինարարությանը՝ ճանապարհներից մինչև դպրոցների շենքերի նորոգում.- «Ամենալուրջ խնդիրը, որ մենք այսօր արդեն ունենք, ամենասուր խնդիրը գործազրկության կամ ոչ պատշաճ զբաղվածության խնդիրն է, և մենք հասկանում ենք, որ այս տարի բացի նրանից, որ ունենալու ենք մի մեծ զանգված, որը չկարողացավ դուրս գնալ այս սեզոնային աշխատանքների, Ռուսաստան գիտենք` ինչ թվեր են տարեկան միջինը գնում, մի մեծ հատված կա, որը ձգտում է վերադառնալ Հայաստան, որովհետև Ռուսաստանում վիճակը կտրուկ վատացել է: Մարդիկ, որոնք մի քանի տարի ինչ-որ ժամանակահատված պարբերաբար աշխատանք են ունեցել, կորցնում են: Եվ այո, սա և վատ, բայց նաև առիթ է` այդ մարդկանց հնարավորություն տալ վերադառնալ, աշխատել այդ օղակներում, գյուղական բնակավայրերում»:

Վարչապետն այսօր նաև վիճակագրություն ներկայացրեց վարկային արձակուրդների վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով և 6 հազար 600 իրավաբանական անձանց՝ 28 միլիարդ դրամի չափով։

Ասատրյանի խոսքով` Կենտրոնական բանկն առևտրային բանկերին վարկային արձակուրդ տալու հնարավորություն է տվել, սակայն նրանց պարտադրել չի կարող, ինչպես նաև չի կարող քաղաքացիներին պարտադրել, ենթադրենք, 2 ամսով հրաժարվել ավանդներից ստացվող եկամուտներից։

«Մի ալիք գնաց չէ՞ սկզբից, քաղաքական գործիչներ, շատ խելոք պատգամավորներ ասում էին, որ բանկերը պարտավոր են և այլն, բանկերը որ պարտավոր են, արդյո՞ք պարտավոր չեն այդ նույն մարդիկ, որ բանկերում ավանդներ ունեն հրաժարվել իրենց տոկոսներից այս ժամանակահատվածի: Յուրաքանչյուր բանկ կոնկրետ ֆինանսական վիճակում է, ելնելով իր ֆինանսական վիճակից` կարող է գնալ և գնում է ինչ-որ զիջումների»,- ասաց տնտեսագետը:

XS
SM
MD
LG