Մատչելիության հղումներ

Երևանում փակ են ռեստորանները, բաց՝ որոշ առևտրի կենտրոններ


Երևանի կենտրոնը դատարկ է
Երևանի կենտրոնը դատարկ է

Արտակարգ իրավիճակների պարետատան ցուցումները հաճախ հասկանալի չեն առևտրով զբաղվողների համար, այսօր շատերն այս մտահոգությամբ կիսվեցին «Ազատության» հետ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բացօթյա տաղավարներից մեկի սեփականատերը, որ այստեղ վաճառվում է սուրճ, կողքին` հողաթափեր, ասում է՝ չգիտի` կարելի է՞ հողաթափեր վաճառել, թե՞ ոչ։ Եթե ցուցում լինի, կփակվի։ Այս թաղամասի ամենամեծ շուկան, որ հայտնի է որպես Մալաթիայի շուկա, «Ազատության» այցելության ժամանակ փակ էր, բայց հարևանությամբ կային բազմաթիվ գործող խանութներ։ Վաճառողներն ասում էին` ցուցումներ չաշխատելու վերաբերյալ չեն եղեն:

Դռները բաց այս խանութներից ոչ հեռու գտնվող տարածքը պատկանում է ձեռներեց Պերճ Ծերունյանին, նրա գրպանում թուղթ է` տրված ոստիկանության կողմից, ստորագրել է ու պարտավորվել իր տարածքի կրպակները չբացել, սակայն տարակուսած է՝ ինչո՞ւ է հրամանը քչերին վերաբերում և ոչ բոլորին հավասարապես. - «Կան մասնավոր փակ խանութներ այս չափի, որոնք աշխատում են, որոնք որ վիրուսն ավելի վնաս կլինի, երևակայի: Կան հագուստի խանութներ, որ բաց են»:

Մյուս քաղաքացին էլ նշում է. - «Կան խանութներ, որ փակ են, փակօթյա են են ու նույն քառակուսու մեջ են, աշխատում են նրանք, ի՞նչն է տարբերությունը, ինչի՞ անհավասար պայմանների մեջ մենք գտնվենք: Եթե աշխատում են, մենք էլ աշխատենք, եթե չենք աշխատում, բոլորս չաշխատենք»:

Հենց հարևանությամբ գործող «Գոռ» բազմահարկ առևտրի կենտրոնը «Ազատության» այցելության պահին բաց էր: «Ազատության» հարցին, թե ոստիկանությունը որևէ կերպ իրազեկել է` պիտի՞ աշխատի, թե՞ ոչ, վաճառողուհին պատասխանել չցանկացավ, նշեց` տնօրենն էլ տարածքում չէ:

Մեր նկարահանումից քիչ հետո հայտնվեցին մի խումբ երիտասադներ՝ պնդելով, թե պատրաստվում են փակել առևտրի կենտրոնը. - «Չխորանանք էլի, եկել ենք, որ փակենք...»:

Բաց էր նաև նույն թամաղասում գտնվող «Մալաթիա մոլ» անվամբ առևտրի կենտրոնը, որտեղ վաճառվում են տարբեր իրեր՝ կենցաղային տեխնիկայից մինչև հեծանիվներ։ Այդ տարածքում գտնվող «Վեգա» խանութի մարքեթինգի բաժնի ղեկավարն ասաց՝ եթե փակվելու ցուցում ստանան, կփակվեն, առայժմ չեն ստացել. - «Առանձնահատուկ իրազեկում չի եղել, հենց հիմա գնում է պարզաբանման գործընթացը, մեր կողմից լրացուցիչ նամակ է ուղղվել, մենք դիմել ենք թե՛ ՊԵԿ-ին և թե՛ պարեկին, սպասում ենք պատասխանի: Առհասարակ տեխնիկայի խանութների նկատմամբ հատուկ հրահանգ փակ լինելու հետ կապված չկա, գրված է, որ պետք է փակ լինեն այն խանութները, որոնք գտնվում են առևտրի կենտրոններում, սակայն մեր խանութների մեծամասնությունը գտնվում է առանձին շինություններում»:

Եթե առևտրով զբաղվող որոշ տնտեսվարողներ դեռ հստակ չգիտեն՝ պարտավոր են փակվել, թե ոչ, ապա ռեստորանների ու սրճարանների համար ցուցումը հստակ է եղել: Մեր նկարահանման ընթացքում Երևանում որևէ բաց ռեստորան կամ սրճարան չկար։ Կասակդի սրճարաններից շատերն էլ պատերին գրություններ էին թողել այցելուների համար՝ «Կուզեինք այստեղ լինեիք» կամ «Մեզ համար ձեր առողջություն ավելի կարևոր է»։

Երևանի արվարձաններում թեև բաց ռեստորաններ չգտանք, բայց փողոցներում հավաքված, զրուցող մարդկանց խմբեր կային, ասացին՝ վստահ են կորոնավիրուսով չեն վարակվի. - «Մենք մի մետրի պաշտպանում ենք, հետո բացի դրանից, օրական մի 2 բաժակ որ գցում ես, վիրուսն այդքան էլ բան չի անում: Օրական երևի ամենաշատը 10 հոգու եմ շփվում, 10-ից ավելի դժվար, ընտանիքի անդամներն են, մեկ էլ մի քանի հոգի, ասենք, սենց պատահական որ գալիս են, զրուցում ենք»:

XS
SM
MD
LG