Մատչելիության հղումներ

Աջակցություն կտրամադրվի տարբեր ոլորտների աշխատակիցներին, հղի կանանց և աշխատանքից ազատվածներին


Կառավարությունն այսօր արտահերթ նիստին կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ևս 3 փաթեթ ներկայացրեց և հաստատեց։ Առաջին ներկայացված ծրագիրն ուղղված է մարտի 13-ից հետո աշխատանքը կորցրած անձանց, հիմնականում սպասարկման ոլորտի աշխատողներին։

«Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական, իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 20 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Միանվագ այս աջակցությունը կլինի նվազագույն աշխատավարձի չափով և կտրվի որպես նպաստ` չհարկվելով։ Մի քանի օրից կգործարկվի հարթակ, որտեղ գրանցվելով աշխատանքը կորցրած անձինք կկարողանան դիմել կառավարությանը, սակայն ամենայն հավանականությամբ դրա անհրաժեշտությունը չի էլ լինի:

«Պետական եկամուտների կոմիտեի բազաներում այդ անձանց տվյալներն արձանագրված են, կարող է լինել այնպես, որ մենք առանց նույնիսկ հավելյալ միջամտության այդ գումարներն ուղղակի ուղիղ փոխանցենք նրանց հաշիվներին, այսինքն` քարտերին, ուղղակի իրազեկենք, որ մարդիկ իմանան, որ իրենց հաշիվներին նստել է այդ գումարը»,- բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց աջակցության հաջորդ փաթեթը։ Միանվագ նպաստ կստանան նաև միայնակ հղի կանայք, կամ այն հղիները, որոնց ամուսինները կորոնավիրուսի արտակարգ դրության հետևանքով կորցրել են աշխատանքը. - «Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 20 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով` 100 հազար դրամի չափով»:

Աջակցության հաջորդ փաթեթը, ըստ կառավարության հաշվարկների, ամենամեծ թվով շահառուները կունենա` ավելի քան 100 հազար մարդ: Այս փաթեթից կօգտվեն առևտրի ոլորտի և գեղեցկության սրահների վարձու աշխատողները, որոնք ժամանակավոր առանց աշխատանքի են մնացել, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը։ Բացառությունը միայն սնունդ, ալկոհոլ և ծխախոտ վաճառող կետերն են, որոնց աշխատանքը չի սահմանափակվել արտակարգ դրության հետևանքով:

«Բայց մենք աջակցում ենք ոչ թե գործատուներին, այլ աշխատողներին», - ասաց վարչապետը: Նրա օգնական Նաիրի Սարգսյանն էլ հավելեց. - «Այո, շատ կարևոր է ասել, որ աջակցում ենք անմիջապես աշխատողներին, և գումարը անմիջապես աշխատողներն են ստանալու, այլ ոչ թե իրենց գործատուների միջոցով` միջնորդավորված»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց.- «Այս գումարը նպաստի կարգո՞վ ենք մենք տալիս, փաստորեն եկամտահարկ չի հաշվարկվում, այո՞»:

«Հարկեր չենք հաշվարկելու, այսինքն` այս 68 հազար դրամն առձեռն իրենց ստացվող գումարն է լինելու: Մյուս ոլորտները վարսավիրանոցներն են, սննդամթերքի վաճառք չիրականացնող այլ խանութները` հագուստի խանութներ, կոշիկ, կենցաղային տեխնիկա և այլն: Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը»,- պարզաբանեց Սարգսյանը:

Վարչապետ Փաշինյանը, սակայն, շեշտեց` սոցիալական աջակցության բոլոր այս ծրագրերով կառավարությունը կսատարի միայն գրանցված աշխատողներին, որոնց վերաբերյալ տեղեկություններ ունի. - «Ընդհանրապես այս իրավիճակը մեզ պետք է ցույց տա, որ բոլորը պետք է հաշվառվեն, բոլոր աշխատողները, բոլոր ամբողջական աշխատավարձերը և այլն: Մենք չհաշվառված դեպքերի հետևից չենք կարող գնալ, որովհետև դա մութ անտառ է, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում: Շատերին թվում է, թե կառավարության համար ենք մենք ասում, որ պետք է աշխատատեղերն արձանագրվեն: Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր, որովհետև ունենալ տվյալները` երկրում ինչ է կատարվում, աշխատանքի շուկայում ինչ շարժեր կան, ինչ եկամուտներ են գեներացվում, ինչ եկամտահարկ, այդ ամեն ինչը կարևոր է, բայց առաջին հերթին շահառուն ինքը քաղաքացին է»:

Կառավարության նիստին հաջորդած ասուլիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց հնչեց աշխատանքային պայմանագրեր չունեցող հարյուրավոր մարդկանց մասին, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում զրկվել են եկամտից։ Ըստ Գրիգորյանի` փորձում են հասկանալ, թե ինչ հնարավոր տարբերակով կարող են աջակցել այս մարդկանց:

«Գրեթե ամեն օր այդ խնդիրը քննարկում ենք և բախվում ենք նույնականացման մեծ պրոբլեմի հետ: Այո, չգրանցված աշխատատեղեր մշտական կամ ժամանակավոր որևէ նույնականացման տարբերակ չունեն: Պետությունն ուղղակի չի տեսնում այդ մարդկանց, որպեսզի թիրախային ճիշտ և նպատակային օժանդակության գործիք մշակի, իսկ կիրառել նույն ձևակերպված աշխատակցի գործիքը չձևակերպված աշխատակցի նկատմամբ ուղղակի անհնարին է, որովհետև մենք կունենանք անկանխատեսելի, անհաշվելի և անկառավարելի մի ընթացք», - նշեց Մհեր Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, վերջինիս խոսքով` շարունակում են փնտրել աշխատող, սակայն չգրանցված անձանց նույնականացման եղանակներ և եթե հաջողեն, կառավարությունը միանվագ օգնություն կտա նաև այս մարդկանց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG