Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության ոլորտը հայտնվել է շատ ծանր վիճակում


Զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած տվյալներով, այս տարվա առաջին երեք ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է 175 հազարով։

Նշենք, այդուհանդերձ, որ տարվա առաջին ամիսներն ավանդաբար համարվում են զբոսաշրջության տեսանկյունից անբարենպաստ ամիսներ, իսկ տուրօպերատորներն ու հյուրանոցները սեզոնի մեկնարկն անում են ապրիլին։

«Պիկնիկ» հյուրանոցային ցանցի համահիմնադիր Արտաշես Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Էս բիզնեսի վատը էն ա, որ չես կարա ձևափոխես իրան, վիրտուալ տուրիզմ չկա․․․»

Հետևաբար ստիպված են պարզապես սպասել, թե վերջապես երբ կնահանջի նոր կորոնավիրուսը, կվերականգնվի օդային հաղորդակցությունը։

Մելքումյանի խոսքով, սպասելն ավելի հեշտ կլիներ, եթե չունենային ֆինանսական հսկայական պարտավորություններ՝ վարկերից մինչև վարձակալած տարածքների վճարներ․ - «Ձմեռը և աշնան վերջին մարդիկ մինուսով են աշխատում և նախապատրաստվում են սեզոնին, որը սկսվում է ապրիլից և ավարտվում է հոկտեմբերով։ Մարդիկ այդ ընթացքում, նաև մենք, ներդրում ներ ենք անում, որպեսզի սեզոնը ճիշտ և լավ պատրաստ սկսենք։ Ձմեռվա էդ մինուսները, որոնք մենք կուտակել ենք, մենք պետք է գարնանը և ամռանը փակեինք։ Հիմա չենք կարողանալու»։

Այս և երկրի բոլոր մյուս հյուրանոցների գրանցված աշխատակիցները կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ստանալ մեկ ամսվա նվազույն աշխատավարձի չափով աջակցություն։

Կառավարությունն աջակցության փաթեթներ է մշակել նաև բիզնեսի համար՝ արտոնյալ պայմաններով վարկեր կոմունալ վճարումները կատարելու, աշխատավարձեր ու հարկեր վճարելու համար։

«Մեզ մտցրել են մի փաթեթի մեջ․ հանրային սնունդն են մտցրել, փոքր ու միջին առևտուրն են մտցրել։ Բայց հանրային սնունդը կարող է ձևափոխել իր աշխատանքի ոճը և առաքի սնունդ։ Մենք ոչ մի բան չենք կարող անել։ Եվ այստեղ ես գտնում եմ, որ դա սխալ մոտեցում է։ Բացի դրանից, հյուրանոցներն էլ պետք է տարանջատվեին մի քանի խմբի։ Եթե լոքդաունը, օրինակ, ավարտվի, Երևանի բնակչությունը գնալու է Ծաղկաձորում հանգստանալու, կամ Դիլիջանում, այնտեղի հյուրանոցներին փող գնալու է։ Բայց Երևանի կենտրոնում փոքր հյուրանոցներին ընդհանրապես չի գալու փող»։

Արտաշես Մելքումյանի կարծիքով, ճիշտ կլիներ, եթե փաթեթներն ավելի հասցեական լինեին․ - «Եթե ձմեռը մենք մինուս ենք գնացել, ինչ-որ գումարներն ենք ծախսել, ներդրումներ ենք արել․․․ մարդ կա, վարկ ա վերցրել, նոր հյուրանոցի շինարարություն ա անում, կիսատ ա թողնում։ Էդ մարդկանց ոչ մի օգնություն դեռ չկա։ Եվ ճիշտ կլինի, որպեսզի այս բիզնեսը չփակվի, պետությունը մի քիչ էլ աջակցի էդ առումով և ուրիշ ձևի վարկեր տրամադրի, ազատ վարկեր, որպեսզի մարդիկ կարողանան էդ իրանց պարտքերը տան»։

Կառավարությանը դիմել էր նաև «Պիկնիկ» հյուրանոցը՝ արտոնյալ վարկ ստանալու, սակայն մերժում էին ստացել, որպես անբարեխիղճ հարկատու, քանի որ չէին վճարել մարտ ամսվա հարկերը։

Հյուրանոցի համահիմնադիրը տարակուսած է՝ մի՞թե Կառավարությունում հաշվի չէին առել, ու և՛ իրենք, և՛ իրենց տասնյակ գործընկերը դիմել էին հենց մարտ ամսվա աշխատավարձերն ու հարկերը վճարելու համար։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ահռելի հարվածներ ստացած զբոսաշրջութան ոլորտում աշխատող մեկ այլ գործարար՝ ներգնա տուրիզմով զվաղվող Գայանե Մալիշենկոն հասցրել է հաշվել, թե քանի գործընկերոջից է նամակ ստացել չեղարկվող այցերի մասին․ - «Մինչև ապրիլի 7-ը մոտ քսան խումբ չեղարկված արդեն ունենք»։

XS
SM
MD
LG