Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 1 միլիոն 850 հազարը, մահացել է շուրջ 114 հազար, բուժվել՝ 428 հազար մարդ


ԱՄՆ - Սուրբ Հարության պատարագին Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարը դատարկ է, 12-ը ապրիլի, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոն 850 հազարը, հիվանդության զոհերի թիվը` 114 հազարը, բուժվել է մոտ 428 հազար մարդ:

Առաջին տեղում՝ ոչ միայն վարակվածների, այլև մահացածների թվով, արդեն Միացյալ Նահանգներն է. այնտեղ վարակվածների թիվը գերազանցում է 560 հազարը, համաճարակի զոհ է դարձել ավելի քան 22 հազար մարդ: Բոլոր նահանգներում «զանգվածային աղետ» է հայտարարվել:

Իտալիայում և Իսպանիայում, որոնք զոհերի քանակի առումով հաջորդում են Միացյալ Նահանգներին, համաճարակը կարծես թուլանում է՝ հայտնաբերված նոր դեպքերի թիվը և մահացությունը մի քանի օր է նվազում է: Կարանտինը, այդուհանդերձ, այդ երկրներում շարունակում է գործել:

Մեծ Բրիտանիայում մահացածների թիվն անցել է 10,5 հազարը: Վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրան դեռ խորհուրդ չի տրվում վերադառնալ աշխատանքի:

Բելգիայում մահվան դեպքերի թիվը հասել է 3 հազար 600-ի, կիրակի երեկոյան Բրյուսելում բողոքի ցույցեր են սկսվել, ձերբակալվել է 45 մարդ: Պատճառը կարանտինը խախտողի մահն է՝ սքութերով մի դեռահաս փորձել է թաքնվել ոստիկանությունից և մահացել է` բախվելով իրեն հետապնդող մեքենաներից մեկին:

Չինաստանում նոր դեպքերից կեսից ավելին հայտնաբերվել է Ռուսաստանից վերադարձած քաղաքացիների մոտ:

Ռուսաստանում, վերջին տվյալներով, վարակվածների թիվը մոտենում է 16 հազարի, 140 մարդ մահացել է:

Բելառուսում ամեն ինչ պաշտոնապես դեռ «կարգին է»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, կոչ է անում երկրի իշխանություններին հրաժարվել հանրային միջոցառումներից և ավելի շատ տեղեր նախապատրաստել հիվանդանոցներում, քանի որ անբարենպաստ սցենար է կանխատեսում:

XS
SM
MD
LG