Մատչելիության հղումներ

Թուրքիայի 31 նահանգներում փողոց դուրս գալու երկօրյա արգելք է սահմանվել


Թուրքիա - Ստամբուլի փողոցները կիսադատարկ են, 7-ը ապրիլի, 2020թ.

Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ, երկրի 31 նահանգներում փողոց դուրս գալու երկօրյա արգելք է սահմանվել:

Երկրի խոշոր քաղաքների բնակչությունը շաբաթն ու կիրակին տանը կանցկացնի: Խախտողները իրավական և վարչական տույժերի կենթարկվեն: Արգելքը չի տարածվում մի շարք մասնագիտություն ունեցողների և գործունեության ոլորտների վրա:

Այս քայլով թուրքական իշխանությունները հույս ունեն կանխել կորոնավիրուսի զանգվածային տարածումը:

Ըստ համաճարակաբանական վերլուծությունների, Թուրքիայում հիվանդության տարածման տեմպը շատ բարձր է: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 47 հազարը, 1006 հոգի մահացել է, ավելի քան 14 հազար մարդ էլ կարանտինային ռեժիմի մեջ է:

Ուշագրավ է, որ փողոց դուրս գալու արգելքի մասին հայտարարվեց որոշման ուժի մեջ մտնելուց երկու ժամ առաջ՝ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում: Մարդիկ շտապել էին սննդամթերք գնելու, հացի խանութների մոտ երկար հերթեր էին գոյացել: Այս իրավիճակը սոցիալական մեդիայում բուռն քննարկման և դժգոհության պատճառ էր դարձել:

Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը իր թվիթերյան էջում, քննադատելով ճգնաժամային իրավիճակում իշխանությունների անփույթ գործելակերպը, գրել է. «Վատ կառավարում, խուճապ, խայտառակություն: Եթե ամոթ ունենային, հրաժարական կտային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG