Մատչելիության հղումներ

Արդեն մի քանի օր է՝ Լուկաշենկոն կորոնավիրուսի մասին սկանդալային հայտարարություններ չի անում


Բելառուս - Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյ է խաղում, Մինսկ, 4-ը ապրիլի, 2020թ.

«Կորոնափսիխոզ»` սա Բելառուսի նախագահի հորինած բառն է, որն Ալեքսանդր Լուկաշենկոն գործածում էր աշխարհով մեկ կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ սահմանափակումների մասին խոսելիս:

Առաջին իսկ օրերից, երբ վարակը հատել էր Չինաստանի սահմանը՝ նվաճելով նորանոր երկրներ, Բելառուսի առաջնորդը համառորեն հրաժարվում էր խոստովանել խնդրի առկայությունը: Ինչպիսի դեղ ու դարման միայն չի առաջարկել Լուկաշենկոն՝ օղի խմելուց մինչև տրակտորով դաշտում աշխատել, սաունա, սխտոր, կուշտ սնվել, բայց ոչ երբեք՝ արտակարգ ռեժիմի սահմանում, տեղաշարժի սահմանափակումներ, մեկուսացում: «Ես այդ կորոնավիրուսն անվանում եմ փսիխոզ և երբեք չեմ փոխի միտքս», - մարտին հայտարարում էր նա:

Շաբաթներ շարունակ բելառուսական պաշտոնական մեդիան հպարտությամբ պատմում էր, թե աշխարհում միակ երկիրը, որը չի տրվում համատարած խուճապին, Բելառուսն է, որը համընդհանուր կարանտին չի սահմանում, չի արգելում ֆուտբոլային և հոկեյի մրցաշարերը, չի սահմանափակում գործարանների աշխատանքը, և որպես ողջախոհության երաշխավոր հանդես է գալիս անձամբ Լուկաշենկոն:

«Նախագահը բացեիբաց պատմել է, որ կորոնավիրուսի շուրջ այդ խուճապը որևէ փոփոխություն չի մտցրել իր աշխատանքային գրաֆիկում, ոչ էլ կենսակերպում: Ալեքսանդր Լուկաշենկոն չի հրաժարվում ձեռքսեղմումից, մարզանքները շարունակվում են ըստ պլանի, իսկ կրտսեր որդի Նիկոլայը շարունակում է դպրոց հաճախել», - հաղորդում էր բելառուսական ATH հեռուստաընկերությունը:

«Նախագահը հերթական անգամ կրկնել է՝ մարզական կենսակերպը, զբոսանքը մաքուր օդում լավ իմունային համակարգի գրավականն է», - տեղեկացնում էր CTB հեռուստաընկերությունը:

«Իշխանություններն իրավիճակը պահում են վերահսկողության տակ», - հավաստիացնում էր բելառուսական մեդիան:

Այդ բարձրագոչ հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվեց: Առաջին վարակակիրների և մահվան դեպքերի ֆոնին բելառուսական լրատվական աղբյուրներում հետզհետե ավելի հաճախակի կարելի էր հանդիպել «դիմակներ», «բուժաշխատողներ», «թեստեր» բառերը: Բացի այդ՝ արդեն մի քանի օր է Լուկաշենկոն հանդես չի գալիս աղմկահարույց հայտարարություններով, չի պնդում համաճարակի շուրջ դավադրության տեսությունը: Երկրում կորոնավիրուսի առաջին մի քանի հարյուր դեպքերը հաստատվելուց հետո էլ անգամ բելառուսցի առաջնորդը հասցրել էր հերթական աղմկահարույց հայտարարությամբ հանդես գալ՝ չնչին թիվ համարելով պաշտոնական վիճակագրությունը, իսկ զոհերի կապակցությամբ վկայակոչելով տարիքը, զոհվածների հիվանդությունների փունջը: Ինչպես նկատում է բելառուսական ընդդիմադիր մամուլը, նախագահն այնպես էր մեկնաբանում, կարծես զոհվածներն իրենք են մեղավոր իրենց մահվան համար՝ մեկը փողոց է դուրս եկել, մյուսի քաշն էր նորմայից բարձր, մեկ ուրիշի՝ տարիքը:

Եվ ահա, երբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը մոտեցավ 1800-ին, զոհերինը՝ երկու տասնյակին, պարզվում է՝ Լուկաշենկոն սկսել է մտահոգվել, ավելին՝ դիմել է Եվրոպական միությանը համաճարակի դեմ պայքարելու համար ֆինանսական օգնության խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ ֆինանսական օգնության չափը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո:

Չնայած կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում սրընթաց աճում է, երկրում անցկացված սոցհարցումների վերջին տվյալներն էլ վկայում են, որ բելառուսցիների բացարձակ մեծամասնությունը կողմ է հանրային բոլոր միջոցառումներն արգելելուն, այդուհանդերձ, իշխանությունները համառորեն հրաժարվում են այդ քայլերից: Երկիրը շարունակում է սովորական կյանքով ապրել՝ Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձերը մայրաքաղաք Մինսկի կենտրոնում շարունակվում են, երկրում մեծ շուքով նշում են Զատկի տոնը՝ մասնակցելով եկեղեցական միջոցառումներին, համբուրելով խաչը:

Նախագահը չի էլ թաքցնում՝ սահմանափակումներից խուսափելու գլխավոր պատճառը երկրի տնտեսությունը չվտանգելու ցանկությունն է: «Կարանտին, պարետային ժամ՝ ոմանք այսօր նման հայտարարություններով են հանդես գալիս: Հավատացեք, դա շատ հեշտ է անել, մենք այդ ամենը կարող ենք կյանքի կոչել ընդամենը մեկ օրում, բայց հետո ի՞նչ ենք ուտելու», - անցած օրերին հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

XS
SM
MD
LG