Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն զգուշացրել է` Բելառուսում համաճարակը մտել է ավելի վտանգավոր փուլ


Բելառուս- Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբի ղեկավար Պատրիկ Օ’Քոննորը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 11-ը ապրիլի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսի իշխանություններին հորդորում է պատրաստվել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անբարենպաստ զարգացումների:

Կազմակերպության փորձագետների խումբը Մինսկում հանդիպել է լրագրողներին և ներկայացրել երկրում արված ուսումնասիրությունների արդյունքները: Բելառուսում համաճարակը մտել է ավելի վտանգավոր փուլ, հայտարարել է խմբի ղեկավար Պատրիկ Օ’Քոննորը՝ հորդորելով բելառուսական իշխանություններին նախապատրաստել հիվանդանոցներն ու արտակարգ քայլերի կիրառման պլանը:

ԱՀԿ-ի ներկայացուցիչները նաև կոչ են անում չեղարկել զանգվածային միջոցառումները, այդ թվում` մայիսի 9-ի զինվորական շքերթը: Բելառուսի պաշտպանության նախարարությունը ի պատասխան հայտարարել է, որ «նույնիսկ չեն քննարկում» շքերթի հնարավոր չեղարկումը կամ հետաձգումը:

Երկրի առողջապահության նախարարությունն իր հերթին շեշտել է, որ Բելառուսում լայնածավալ կարանտինային միջոցառումների կարիք չկա: Նախարար Վլադիմիր Կարանիկի խոսքով` «սահմանափակումները չեն հանգեցնի հիվանդության վերացմանը»:

Ապրիլի սկզբից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Բելառուսում վարակակիրների թիվը ավելացել է ավելի քան տասն անգամ: Արձանագրվել է 2 հազար 226 դեպք, վարակակիրների թվում են նաև հարյուրավոր բուժաշխատողներ: Ավելի քան 20 հոգի մահացել է:

XS
SM
MD
LG