Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի, մահացել է մոտ 102 հազար մարդ:

Զոհերի ամենամեծ թիվը Իտալիայում է` շուրջ 19 հազար, երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 18 հազար մահվան դեպքերով, որին հաջորդում է Իսպանիան՝ 16 հազար զոհ:

Վարակվածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է՝ ընդհանուր թիվը կազում է 502 հազար 876: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Նահանգներում համաճարակի հետևանքով մահացել է ավելի քան 2 հազար հոգի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս չմեղմել սահմանափակումները, քանի որ դա կարող է հանգեցնել վարակի տարածման երկրորդ ալիքի: Կառույցի ղեկավար Թեոդոր Գեբրեյեսուսը նշել է, որ համաճարակի բռնկման էպիկենտրոններ դարձած Իտալիայում և Իսպանիայում վարակի տարածման որոշակի նվազում է արձանագրվել, սակայն, իր խոսքերով, այդ դրական տեղաշարժը բավարար չէ կարծելու, որ վատթարագույնը մնացել է ետևում և պետք է վերադառնալ բնականոն կյանքի:

Իտալիայի կառավարությունը երկարաձգել է կարանտինային միջոցառումները, Իսպանիայում երկուշաբթի օրվանից որոշ խմբերի թույլ կտրվի վերադառնալ աշխատավայրեր:

Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ավստրիայում, Չեխիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում թեև աննշան դրական միտումներ են արձանագրվել, այդուհանդերձ որոշվել է սահմանափակումները ուժի մեջ թողնել ևս 3-5 շաբաթ:

XS
SM
MD
LG