Մատչելիության հղումներ

Գյումրեցի շատ գործարարներ հստակ չեն պատկերացնում՝ արտակարգ դրությունից հետո ինչպես են վերաբացելու բիզնեսը


Տեքստիլ ֆաբրիկա Գյումրիում, արխիվ
Տեքստիլ ֆաբրիկա Գյումրիում, արխիվ

Գյումրիում շատ սեփականատերեր այս օրերին հստակ պատկերացում չունեն, թե արտակարգ դրության ավարտից և կորոնավիրուսը հաղթահարելուց հետո ինչպես են վերաբացելու իրենց բիզնեսը:

Մի քանի սպասարկման օբյեկտների ֆինանսիստ-հաշվապահ Էլիզա Գինեցյանն իր գործատուների մտահոգություններն է փոխանցում՝ ասելով, որ գործարարները հարկային արձակուրդի ակնկալիք ունեն իշխանությունից։ Ապրիլի 20-ին առաջին եռամսյակի շրջանառության հարկը վճարելու ժամկետն է։

«Եթե, օրինակ, հարկային արձակուրդ լիներ, որ իրենք կարողանային հունվարից մինչև հունիս ամիսների համար հարկային պարտավորությունները չվճարեին և դա վճարեին արդեն տարվա մյուս կիսամյակում, դա բիզնեսի համար փոքրիշատե էլի օգնություն կլիներ: Եվ քանի որ չեն աշխատել, բնականաբար, արդեն եռամսյակային վճարումները իրենց համար դառնում են շատ մեծ խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գինեցյանը՝ շարունակելով. - «Շատերը հիասթափություն են ապրում նույնիսկ այս փուլում, ցանկանում են բիզնեսը փակել»:

Ֆինանսիստ-հաշվապահի խոսքով՝ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո գործարարներին վեց ամսից մինչև մեկ տարի է պետք, որ վերադառնան «մինչվիրուսային» ժամանակներին։

Անտոկոս վարկերի տրամադրումն աջակցություն է, բայց միևնույն է՝ դրանք վերադարձնելու խնդիր կունենան, նկատում է Գինեցյանը. - «Վարկը ինքը միջոց է, խթանող միջոց է, բայց երբ որ տնտեսությունը չի աշխատում, այսինքն՝ բիզնեսը չի աշխատում, էդ դեպքում երբ որ վարկ են տրամադրում, այդ բիզնեսը պիտի գումար գեներացնի, պիտի ակտիվ միջոց գեներացնի, որպեսզի կարողանա այնուհետև այդ վարկերը վճարել»:

Արտուշ Եղիազարյանի «Հերբ ընդ հանի» թեյարանի դուռը 20 օր է փակ է, բացեց միայն «Ազատության» հետ հարցազրույցի համար։ Երկու տարի առաջ Գյումրիում բիզնես սկսած գործարարը կարծում է՝ որպեսզի կառավարության ծրագրերը երկարաժամկետ արդյունք ունենան, նախ պետք է ավելի մեծ օժանդակություն հատկացնեն փոքր բիզնեսին՝ նաև կարճաժամկետ ծրագրերի միջոցով։

Եղիազարյանն այս պահին հարկային ու մի շարք այլ պարտավորություններ ունի կատարելու, բայց հաշվին ընդամենը 80 հազար դրամ կա: «Էդ շատ սիմվոլիկ գումար է, տենց մնացել է, որը, էսօր զանգ տվեցին, որ պետք է անվտանգության համակարգի գումարը մուծվի, այսինքն՝ էդտեղ ինտերնետի գումար պիտի մուծվի, էս պիտի մուծվի, մի քանի էլի տենց՝ էդ 80 հազարս շատ հանգիստ կվերջանա», - ասաց գործարարը՝ շարունակելով. - «Հարկայինին վճարելու գումարը չի մնա, հա: Մի քիչ, սենց, դիլեմայի առաջ ենք կանգնած՝ հասկանալով, որ պետությունը մեր հարկերի կարիքը ունի, որպեսզի կենսունակությունը պաշտպանի մեր երկրի, անվտանգությունը, մյուս կողմից էլ՝ տնտեսվարողը գումար չունի»:

Եղիազարյանը որոշել է չօգտվել Կառավարության տնտեսական աջակցության փաթեթից. - «Ես ինքս պարտք չեմ վերցնելու պետությունից կամ բանկերից, փորձելու եմ ուրիշ տեղից հայթայթել էդ գումարը, որպեսզի դիմանանք»:

Գործարարը նաև մոտավոր հաշվարկ ունի, թե որքան վնաս է կրել կորանավիրուսի պատճառով: «Մեր ընդհանուր, ասենք, էս սեզոնի շրջանառությունը մոտ 5-6 միլիոնի չափ կարող է լինել, որը Գյումրիի համար նորմալ շրջանառություն է, էս փոքր ընկերության համար, բայց Երևանի, օրինակ, Կասկադի համար, կարծում եմ, դա մի քիչ ծիծաղելի է, էլի», - ասաց Արտուշ Եղիազարյանը:

Աշխատողների 70 տոկոսին կրճատել է: Վերջիններս իրենց սոցիալական աջակցության Կառավարության ծրագրում գտել են, մնացած 30 տոկոս աշխատակիցները մեկ այլ ծրագրի շահառու են, բայց դեռ հայտնի չէ՝ կփոխհատուցվի նրանց պարապուրդը, թե՝ ոչ:

«Ես իմ աշխատողներին, դե, զանգում եմ, հարցնում եմ՝ ոնց են, ինչ են, ինչի կարիք ունեն, ինչպես են դիմանում, ասում են, որ՝ «լավ, էս ամիս էլ դիմանանք, բայց դրանից հետո չգիտենք ինչ կլինի», - պատմեց Եղիազարյանը:

Չնայած դժվարություններին՝ գործարարը լավատես է, որ իրավիճակը կշտկվի: Բիզնեսը փակել չի պատրաստվում: Թե ինչ է պետք, որ այն չփակվի՝ ասաց. - «Ֆինանսական միջոցներ: Էստեղ մի քանի բան կա՝ պետք է օպտիմալացում: Եթե շարունակելու ենք աշխատել, վերաբացվելու ենք, բայց ծանր է լինելու, էստեղ պետք է օպտիմալացնել ծախսերը՝ սա մի բան, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է անել և օպտիմալացնել՝ դա աշխատողների քանակի կրճատում է, կոմունալների կրճատում, որը չգիտեմ՝ հնարավոր է, թե չէ, վարձի, այսինքն, նվազեցնում է, և ֆինանսական ռեզերվ է պետք ունենալ, որպեսզի դիմանալ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG