Մատչելիության հղումներ

Սրճարանների սեփականատերերը հակված չեն կառավարության առաջարկած վարկերից օգտվել


Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ներկայացնում են կառավարության փաթեթները, 1 ապրիլի, 2020թ.

Նախորդ և այս շաբաթ գործադիրը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաստատել է ութ տարբեր փաթեթներ կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամին դիմակայելու համար: Այսօր հրավիրված ասուլիսին էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը դրանց դիմելու կարգի մասին մանրամասներ ներկայացրեց և չբացառեց, որ առաջիկայում այլ փաթեթներ ևս շրջանառության մեջ կդրվեն:

Խոսքը, մասնավորապես, միկրոձեռնարկությունների մասին է.- «Յուրաքանչյուր դիմում, հայտ, զանգ գրանցվում է, այսինքն` մենք կարողանում ենք վիճակագրություն հավաքել, թե ինչպիսի հարցերով են մեզ դիմում, և հասկանում ենք` որքան հաճախ են նմանատիպ հարցով դիմում»:

Կառավարության աջակցության ծրագրերին մասնակցելու համար հայտ կարելի է ներկայացնել օնլայն ռեժիմով` այցելելով Էկոնոմիկայի նախարարության ներդրումային աջակցության կենտրոնի կայք: Փաթեթներից առաջինով առաջարկվում է բանկերի միջոցով ստանալ մինչև 500 միլիոնի վարկ կառավարության համաֆինանսավորմամբ: Ի՞նչ են անելու այն գործարարները, որոնց բանկը ոչ վարկունակ համարի, փոխնախարարը չի բացառում նման խնդիր կարող է առաջանալ.- «Ասենք գումարի կեսի չափով չունենան գրավ, և բանկը ցանկություն չհայտնի իրենց ֆինանսավորելու, հենց այդ նպատակով ստեղծվել է երրորդ միջոցառումը, որտեղ բանկը չի որոշում կայացնողը, որտեղ առաջնային ընտրությունը անում է ներդրումների աջակացման կենտրոնը»:

Խոսքը երրորդ փաթեթի մասին է, այս դեպքում հայտերն ընդունում է Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ բանկը պարզապես միջնորդ է: Վարկավորման առաջին երկու տարում կգործի 0 տոկոս, երրորդում կգործի 12 տոկոս տոկոսադրույքը։ Վարկը տրվում է 2,4 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամի չափով։

«Այս աջակցության ծրագրերը միտված են բիզնեսներին լիկվիդայնության բացիկ նետելու, մի քանի ամիս դիմակայելու այս ծանր ժամանակահատվածում: Եվ բիզնեսն ինքնուրույն է որոշում` նա շարունակելու է աշխատել, կարող է հաղթահարել և իրեն հիմա լիկվիդայնության ուղղակի պակասն է, որ խոչընդոտում է, թե չի կարողանալու հաղթահարել և լրացուցիչ բեռ վերցնել չի ցանկանում»,- ասաց նա:

Փաթեթեներից յուրաքանչյուրի համար քանի՞ դիմում կա, նախարարությունը թվեր հրապարակել դեռ չի կարող: Փոխարենը գործարարներն են բարձրաձայնում` այս ռիսկային ժամանակահատվածում նոր վարկերի համար դիմել չեն ցանկանում:

«Կանվաս» սրճարանի տնօրեն Հասմիկ Խաչատրյանը, օրինակ, ասում է` իր համար հիմա նույնիսկ ընթացիկ վարկերն են խնդրահարույց.- «Միանշանակ չեմ պատրաստվում օգտվել, որովհետև վարկեր արդեն ունեմ, ու դրանք բավականին շատ են, ավելի հեշտ կլինի պայմանավորվել տարածքի տերերի հետ, քան վերցնել վարկ ու հետո չկարողանալ դրա տակից դուրս գալ, որովհետև ֆիքսել, թե տնտեսությունը երբ կվերականգնվի, երբ մարդիկ կշարունակեն հաճախել սրճարաններ, խանութներ, կատարել իրենց գնումները, ոնց կատարել են մինչև վարակի տարածումը, հնարավոր է մտնել նման ծանր բեռի տակ, ես ինքս չեմ պատրաստվում»:

Փոխարենը Հասմիկ Խաչատրյանը կարևորում է սպասարկման ոլորտի աշխատողների նվազագույն աշխատավարձի չափով և առանց հարկման տրվող աջակցությունը: Ուրախ է, որ իրենց սրճարանում բոլոր աշխատողները պայմանագրեր ունեն, և այս ճգնաժամային փուլում նրանց համար գոնե նվազագույն աշխատավարձը կապահովվի: Առաջարկում է` այս օրերին նվազագույն աշխատավարձով վճարվեն նաև բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն` գործի համահարթեցման մեթոդ.- «Կվերցնեի 68 հազար դրամ, մնացած աշխատավարձս կկիսեի բոլոր այն մարդկանց մեջ, ովքեր այդ պահին չեն աշխատում, ստիպված են չաշխատել, ոչ թե չեն ուզում աշխատել, այլ ստիպված են չաշխատել: Այսինքն` ամբողջ ազգը ստանա հավասար աշխատավարձ 2 ամիս, թող նախարարն էլ ստանա այդքան, պատգամավորն էլ ստանա այդքան, բոլորը ստանան 68 հազար դրամ»:

«Գրին Բին Կասկադի» սեփականատեր Ավետ Ասլամազյանն ասում է՝ իրենք մինչև պարետի որոշումը` մարտի 15-ից են փակել սրճարանը, քանի որ ռիսկային տարիքային խմբում գտնվող աշխատակիցներ ունեն, որոնց առողջությունը վտանգի տակ դնել չեն ցանկանում: Հիմա էլ առաջնահերթ է համարում աշխատակիցների աշխատավարձի խնդիրը։ Կառավարության կողմից համաֆինանսավորվող վարկերը այնքան էլ արդյունավետ միջոց չի համարում:

«Մեր գործընկեր բանկերը հիմա էլ լավ պայմաններով վարկեր առաջարկում են»,- ասում է սրճարանի սեփականատերը:

XS
SM
MD
LG