Մատչելիության հղումներ

Covid 19. Մահացածների թիվն անցավ 30 հազարից


Իտալիայի գրեթե ամբողջությամբ դատարկ փողոց Հռոմում, 23-ը մարտի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է արդեն 700 հազարին, մահացածներինն անցել է 30 հազարից, բուժվել է ավելի քան 145 հազար մարդ:

Նյու Յորք, ԱՄՆ
Նյու Յորք, ԱՄՆ

Մի քանի օր է` վարակվածների թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վերջին տվյալներով` արձանագրվել է ախտահարման ավելի քան 125 հազար դեպք կամ ողջ աշխարհում առկա դեպքերի մոտ մեկ հինգերորդը: Կտրուկ ավելացել է նաև մահվան ցուցանիշը. անցած հինգշաբթի հաղորդվել էր, որ Նահանգներում արդեն հազար մարդ է մահացել նոր կորոնավիրուսի պատճառով: Այսօր հաղորդվեց, որ այդ ցուցանիշը հասել է 2 հազարի, այսինքն` 3 օրում մահացել է այնքան մարդ, որքան նախորդ մի քանի ամսվա ընթացքում:

Վարակի էպիկենտրոնը Նյու Յորքն է. քաղաքը, որ երբեք չէր քնում, այժմ թաղված է լռության ու սպասման մեջ: Տեղական իշխանությունները հավելյալ տարածքներ են առանձնացնում հիվանդանոցների ու բուժօգնության համար:

«Մենք չպետք է սպասենք վիրուսի հարձակմանը, հետո հակազդենք, մենք պետք է առաջ անցնենք նրանից», - նախօրեին դիմելով նյույորքցիներին` հայտարարում էր նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Ես քիչ առաջ եմ խոսել նախագահ Թրամփի հետ և ստացել հիվանդանոցների համար ևս 4 տարածք առանձնացնելու թույլտվություն: Սա մեծ առավելություն կտա մեզ, կարող ենք ևս 4 հազար մահճակալ տեղադրել, ընդ որում` Նյու Յորքի յուրաքանչյուր թաղամասում կունենանք առանձին կենտրոն», - ասում էր նահանգապետը:

Նախագահ Թրամփը երեկ ուշ երեկոյան ասել էր, թե Նյու Յորքում կարանտին հայտարարելու, մուտքուելքն արգելափակելու անհրաժեշտություն առայժմ չի տեսնում: Ավելի ուշ, սակայն, ֆինանսների նախարար Մնուչինը նշել է, որ վարակի հակազդման ազգային շտաբը լրջորեն դիտարկում է նաև այդ հնարավորությունը:

Մադրիդ, Իսպանիա
Մադրիդ, Իսպանիա

Եվրոպայում վարակի էպիկենտրոնը շարունակում են մնալ Իսպանիան և Իտալիան

Մինչ օրս ողջ աշխարհում արձանագրված մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում հենց այս երկու երկրներին: Իտալիայում, ըստ վերջին տվյալների, մահացել է արդեն ավելի քան 10 հազար մարդ, Իսպանիայում` վեց հազարից ավելի: Վարակի տարածումը կանխելու համար Իտալիայում իշխանություններն արդեն օդուժն են գործի դրել. ոստիկանները, մասնավորապես, ուղղաթիռով են հետևում մարդկանց կուտակումներին մեծուփոքր քաղաքներում: Խստացվել են նաև կարանտինը խախտելու համար սահմանված տուգանքները, այսուհետ կարգազանցներին սպառնում է 400-ից 3 հազար եվրո տուգանք` նախկինում սահմանված 206-ի փոխարեն:

Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Անցած մեկ օրում հակառեկորդ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան

Այստեղ 24 ժամում մահացել է 209 մարդ` մահացությունների ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1228-ի: Վարակված 17 հազարի մեջ են նաև երկրի վարչապետն ու առողջապահության նախարարը: Վիրուսի պատճառով կառավարական տանը մեկուսացած վարչապետ Ջոնսոնն այսօր նամակ է ուղարկել երկրի 30 միլիոն բնակիչներին` հորդորելով հետևել սահմանափակումներին և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Արդարադատության նախարար Մայքլ Գուվն էլ բանավոր ուղերձ է հղել` զգուշացնելով` կարանտինը կարող է երկար շարունակվել:

«Ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսումներ անել, սակայն, ձեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի, որ այդ ժամանակահատվածը կարող է տևական լինել», - ասել է նա: Լոնդոնի այս զգուշացումներից ժամեր առաջ հաղորդվել էր, որ մահացածների շարքում է նաև երկրի հեղինակավոր վիրաբույժներից մեկը` 63-ամյա Ադիլ էլ Թայարը, ով որպես կամավոր էր միացել վիրուսի տարածման դեմ պայքարին:

Մոսկվա, Ռուսաստան
Մոսկվա, Ռուսաստան

Վարակակիրների ռեկորդային աճ Ռուսաստանում ևս

Ռուսաստանում ևս այսօր վարակակիրների ռեկորդային աճ է արձանագրվել` ընդհանուր ցուցանիշն անցել է 1500-ից, գերակշռող մասը մայրաքաղաքում է: Ընդ որում` տեղի վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսը միայն տարեցներին չէ սպառնում: Այսօր մոսկովյան իշխանությունները հաղորդել են, որ մեգապոլիսի հիվանդանոցներում արհեստական շնչառության սարքին միացված հիվանդների 40 տոկոսը մինչև քառասուն տարեկան երիտասարդներ են: Չնայած վիրուսի տարածմանը` Մոսկվայում կարանտին հայտարարված չէ, իշխանությունները, սակայն, հորդորում են հնարավորինս սահմանափակել շփումները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ բարձրաստիճան բոլոր հյուրերը, ինչպես նաև նախագահի վարչակազմի բոլոր աշխատակիցները մինչև Պուտինի աշխատասենյակ մտնելը կորոնավիրուսի թեստ են հանձնում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյ է խաղում, 28-ը մարտի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյ է խաղում, 28-ը մարտի, 2020թ.

Լուկաշենկո. Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ապրել ծնկաչոք

Իրավիճակին բոլորովին այլ կերպ է նայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվրոպայի վերջին բռնապետը համարվող առաջնորդը, ով ավելի վաղ փսիխոզ էր որակել կորոնավիորւսի հետ կապված այս իրավիճակը, երեկ կրկին սառցադաշտ է դուրս եկել` հոկեյ խաղալու: Ի տարբերություն մյուս երկրների` Բելառուսը սահմանները չի փակել, ո՛չ դասերն են չեղարկվել, ո՛չ էլ մարզական հանդիպումները:

«Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ապրել ծնկաչոք», - հայտարարել է Լուկաշենկոն: Լրագորղի հարցին` կա՞ մի բան, որ կարող է ետ պահել նրան սիրելի զբաղմունքից, Լուկաշենկոն պատասխանել է. «Չեմ հասկանում` ինչո՞ւ պիտի խանգարի, այստեղ ոչ մի վիրուս չկա, սա սառնարան է, սառույցից ու սպորտից ավելի լավ դեղամիջոց վիրուսների դեմ չկա»:

Ավելի վաղ Լուկաշենկոն հորդորել էր բելառուսցիներին վիրուսը հաղթահարելու համար տրակտոր քշել, օղի խմել ու այցելել չոր սաունա:

XS
SM
MD
LG