Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում


Կանադայի վարչապետի կինը, Ավստրալիայի ներքին գործերի նախարարը, «Չելսի» ակումբի ֆուտբոլիստը, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը, դիվանագետներ ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ նրանց մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը:

Նախօրեին մի խումբ հանրահայտ անձինք՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզիկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից, հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով:

Կնոջ մոտ կասկածելի ախտանիշներն ի հայտ գալուց հետո Կանադայի վարչապետը որոշել է ինքնամեկուսացվել և աշխատել տնից: Ջասթին Թրյուդոն հավաստիացրել է, որ որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է, սակայն նախընտրում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մնալ կարանտինում:

Մեծ Բրիտանիայում, որտեղ ենթադրաբար վարակվել է Սոֆի Գրեգուար Թրյուդոն, կորոնավիրուսը մտել է դանդաղ տարածման փուլ: Այս մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը և հավելել. - «Սա մեր սերնդի ամենածանր ճգնաժամն է առողջապահության ոլորտում»:

Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը մոտ 600 է, 10 մարդ արդեն մահացել է: Բրիտանական կառավարության կանխատեսումներով՝ երկրում վարակվածների թիվը կարող է հասնել 5-10 հազարի:

Նախօրեին կորոնավիրուսը հաստատվել է նաև լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ իսպանացի Միգել Արտետայի մոտ: Այսպիսով՝ առնվազն 14 օր «Արսենալ»-ը հեռու կմնա խաղերից, թիմի վաղվա հանդիպումը չեղարկվել է:

Կորոնավիրուսն արդեն աննախադեպ վնաս է հասցրել հատկապես մարզական աշխարհին, չեղարկվել ու շարունակում են չեղարկվել մրցաշարեր, «Արսենալ»-ից բացի այլ թիմեր ևս կարանտինում են, որոշ խաղեր անցկացվում են առանց հանդիսատեսի:

Տարվա գլխավոր մարզական միջոցառումների անցկացման ժամկետները մշուշոտ են՝ Օլիմպիական խաղերի, ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման և Եվրո-2020-ի անցկացման հարցը օդում կախված է, չի բացառվում, որ դրանք հետաձգվեն անորոշ ժամկետով: «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին նախատեսված է մարտի 14-ին և 15-ին Ավստրալիայում, սակայն ամենայն հավանականությամբ կհետաձգվի. երկու թիմերից հինգ ներկայացուցիչներ նախօրեին ուղարկվել են կարանտինի, նրանցից մեկի մոտ վարակը հաստատվել է:

Ավստրալիայում կորոնավիրուսով վարակված է նաև երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ներքին գործերի նախարար Փիթեր Դյութոնը: Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են հենց Ավստրալիայում, որտեղ վարակակիրների ընդհանուր թիվը 146 է:

Աշխարհով մեկ սրընթաց տարածվող կորոնավիրուսը հասել է Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի 39-հարկանի կենտրոնակայան` այստեղ աշխատող ֆիլիպինցի դիվանագետներից մեկի մոտ հաստատվել է վարակը. ՄԱԿ-ում Ֆիլիպինների մշական ներկայացուցչության ամբողջ կազմը կարանտինում է:

Համաճարակի ծավալները ժխտող Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ևս ստիպված է եղել կորոնավիրուսի թեստ հանձնել, երբ նրա գրասենյալի ղեկավարի մոտ վարակի առկայությունը հաստատվել է: Ի դեպ, Ֆաբիո Վայնգարտենը մարտի 7-ին գործուղման էր Միացյալ Նահանգներում՝ բրազիլական պաշտոնական պատվիրակության կազմում, և ճաշել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սպիտակ տան ղեկավարը դեռևս բուժզննում չի անցել:

Այսօր հաղորդվեց, որ մեկուսացվել է նաև Իսպանիայի թագավորական ընտանիքը: Մասնավորապես թագուհի Լետիսիային բժիշկներն արգելել են լքել թագավորական «Սարսուելա» պալատը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, նաև հորդորել են նվազագույնի հասցնել ամուսնու՝ Ֆիլիպ հինգերորդի և դստրերի հետ շփումները: Թագավորական պալատի տարածած հայտարարությունում նշվում է, որ թագուհու մեկուսացման պատճառը Մադրիդում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելն էր, որին ներկա էր նաև կանանց հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոն, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերել. այդ միջոցառման ժամանակ թագուհին նախարարի հետ գրկախառնվել էր:

XS
SM
MD
LG