Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է կես միլիոնից ավելի մարդ


Նյու Յորքի Մանհեթենի շրջանում հիվանդանոցի մոտ վրանաշեն դիահերձարան են տեղադրել COVID-19-ի զոհերի համար, 25 մարտի, 2020թ.
Նյու Յորքի Մանհեթենի շրջանում հիվանդանոցի մոտ վրանաշեն դիահերձարան են տեղադրել COVID-19-ի զոհերի համար, 25 մարտի, 2020թ.

Երկիր մոլորակը պատուհասած COVID-19 հիվանդության դեպքերի թիվը անցել է 550 հազարը, մահացել է ավելի քան 25 հազար մարդ, լիովին ապաքինվել է ավելի կան 129 հազար հիվանդ:

Վիճակագրությունը, բնականաբար, ժամ առ ժամ փոխվում է: Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է հայտնել հիվանդանալու մասին: Նա իրեն լավ է զգում, տանից է աշխատում և հայրենակիցներին հավաստիացնում է, որ երկիրը միասնական ուժերով կհաղթահարի այս համավարակը:

Հիվանդացել է նաև Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մաթ Հանքոքը, ով այդ մասին Թվիթերով է հայտնել:

«Տանից եմ աշխատում, երկու օր զգում է, որ ունեմ որոշակի ախտանշաններ, ստուգում անցա, արդյունքը դրական էր», - ասել է նախարարը:

Միացյալ Նահանգները վարակվածների թվով երեկվանից առաջ է անցել նոր կորոնավիրուսի ծագման երկիր համարվող Չինաստանից:

Մարտի 27-ին Երևանի ժամանակով ժամը 18-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է վարակի ավելի քան 86 հազար դեպք, Չինաստանում՝ ավելի քան 81 հազար:

Ամերիկայում COVID-19-ից մահացել է ավելի քան 1300 մարդ, Չինաստանում՝ 3 հազար 200:

Ծայրահեղ ծանր կացություն է Իտալիայում՝ ավելի քան 81 հազար ախտահարված և ավելի քան 8 հազար 200 մահ:

Իսպանիայում մոտ 64 հազար հիվանդ և մոտ 4 հազար 900 մահ: Գերմանիայում՝ ավելի քան 47 հազար ախտահարված, սակայն մահերի թիվը մոտ 280 է, մինչդեռ Իրանում ավելի քան 32 հազար մարդ հիվանդ է և ավելի քան 2 հազար 300 մահվան դեպք է արձանագրվել: Ֆրանսիայում՝ մոտ 30 հազար հիվանդ և մոտ հազար 700 մահ:

Ամերիկացի մասնագետների փոխանցմամբ, մարտի 23-ից սկսած երկրում ամեն օր արձանագրվել է կորոնավիրուսի 10 հազար նոր դեպք, Նյու Յորքի նահանգում հիվանդացել է ավելի քան 37 հազար մարդ:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ով պնդում է, որ Ամերիկան հնարավորինս արագ պետք է վերականգնի աշխատանքային ռիթմը և կասեցնի տնտեսության հնարավոր կաթվածը, վերապահումներով է գնահատել Reuters-ի հնչեցրած վիճակագրությունը, որը վկայում է, որ ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի դեպքերի թվով առաջ է անցել Չինաստանից:

Թրամփը նկատել է տալիս, որ չինացիների հայտնած տվյալները չի կարելի գերարժանահավատ համարել, իսկ Ամերիկայում թվերի աճը կապված է մեծ թվով արագ թեստեր իրականացնելու հետ:

Մինչդեռ ամերիկացի մասնագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը գուցեև չի զսպվի մինչև հունիս:

«Մեր վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր հաշվով առաջիկա 4 ամիսների ընթացքում մահացությունն էապես կաճի, մահերի թիվը կհասնի 81 հազարի, այն կարող է նաև ավելի մեծ լինել, դա կախված է հանգամանքներից», - ասել է Վաշինգտոնի բժշկական համալսարանի առողջության վիճակագրության ինստիտուտի տնօրեն Քրիս Մյուրեյը:

Ամերիկյան ընկերությունները մշակում են արյան թեսթ, որի շնորհիվ կհաջողվի պարզել, թե ով ունի այդ վիրուսի նկատմամբ բնական իմունիտետ:

Դա կարող է մեծագույն ազդեցություն գործել այս զարգացումների վրա, օրինակ՝ մարդուն հստակ տալ առանց կարանտինի և վախի աշխատանքի գնալու հնարավորություն:

Մի շարք առաջատար լաբորատորիաներ Ամերիկայում և աշխարհում աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա, ընդ որում արդեն կան այդ պատվաստանյութի մի քանի տասնյակ «թեկնածուներ», սակայն վերջնական պատվաստանյութի ստեղծումը ժամանակ է պահանջում:

XS
SM
MD
LG