Մատչելիության հղումներ

Ամերիկան և Եվրոպան հսկայական գումարներ են հատկացնելու կորոնավիրուսից տուժած տնտեսությանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 18-ը մարտի, 2020թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 18-ը մարտի, 2020թ․

ԱՄՆ և Եվրոպայի ղեկավարները մարտի 18-ին հավանություն են տվել մոլորակի տնտեսությանը կորոնավիրուսի համավարակի հասցրած ծանր ավերները վերացնելու համար ֆինանսական հսկայական միջոցներ հատկացնելու ծրագրերին։

Երեկ միջազգային բորսաները դրան արձագանքել են ակտիվության որոշակի աճով, սակայն քիչ անց վերստին անկում է գրանցվել։

Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սենատի ընդունած 100 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։ Ենթադրվում է, որ դրանով կորոնավիրուսի ստուգումները բնակիչների համար կդառնան անվճար, վարակված մարդիկ ֆինանսական աջակցություն կստանան, բացի այդ՝ աշխատողներին կտրվեն լրացուցիչ գումարներ համավարակի տարածումից բխող ֆինանսական այլ կարիքները հոգալու համար։

ԱՄՆ Կոնգրեսը և Սպիտակ տունը քննարկում են ամերիկյան տնտեսությունը խթանելու նպատակով ավելի քան մեկ տրիլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը։

Այն ենթադրում է արտակարգ ֆինանսական աջակցություն համավարակի տարածումից առավել տուժած մի շարք առանցքային ոլորտներին՝ օդանավեր և մեքենաներ արտադրող ընկերություններին, զբոսաշրջության բիզնեսին և նույնիսկ կինոթատրոններին։

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) երեկ հայտարարել է, որ նախաձեռնում է տուժած ոլորտների ֆինանսական ակտիվները գնելու լայնածավալ ծրագիր, որն ուղղված է կորոնավիրուսի ավերիչ հետևանքները մեղմելուն։

ԵԿԲ-ն այդ նպատակով մինչև տարեվերջ կգնի պետական և մասնավոր ընկերությունների արժեթղթեր, ինչին կտրամադրվի 750 միլիարդ եվրո՝ այդ գումարը հավասար է մոտ 820 միլիարդ դոլարի։

XS
SM
MD
LG