Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թվի ամենամեծ աճն այժմ Իտալիայում, Իրանում, Իսպանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում է


Իտալիա - Պարենային խանութի մոտ հերթ Հռոմում, մարտ,, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 8 հազարը:

Չինաստանում համաճարակն անկում է ապրում, վարակվածների թվի ամենամեծ աճը նկատվում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 475 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 հազարին, գրեթե 34 հազար մարդ հիվանդ է:

Համաճարակի հետ կապված՝ չեղյալ է հայտարարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

Նիդերլանդներում Covid-19 ախտորոշվել է ավելի քան 2 հազար մարդու մոտ, մահացել է 58 մարդ: Հոլանդիայի առողջապահության նախարարը կորցրել է գիտակցությունը խորհրդարանում համաճարակի հետ կապված քննարկման ժամանակ:

Միացյալ Նահանգներն ու Կանադան փակել են ընդհանուր սահմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է համաճարակի դեմ պայքարի համար տնտեսությունը մոբիլիզացնելուն ուղղված օրենքներ:

Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր երկրում արդեն 264 մարդ է մահացել, վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9 հազարը, համաճարակը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Առանց լուրջ պատճառի տանից դուրս գալու արգելքի շրջանակում վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունը տուգանել է ավելի քան 4 հազար մարդու: Անցած օրվա ընթացքում հիվանդությունից մահացությունների թիվը կտրուկ աճել է. Հիվանդանոցներում մահացել է 89 մարդ՝ նրանց մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են, և միայն 7 տոկոսը՝ ավելի երիտասարդ: Վերջին տվյալներով՝ 920 մարդ վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է Covid-19- ի ևս 33 դեպք, այժմ հիվանդների թիվը մոտ 150 է:

Նոր դեպքեր են գրանցվում Ղազախստանում՝ արդեն 35 դեպք, Ղրղըզստանում, որտեղ մինչ օրս միայն 3 դեպք կա, իշխանությունները ծրագրում են արտակարգ դրություն հայտարարել:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ են խիստ սահմանափակումներ են կիրառվում և չի աշխատում մետրոպոլիտենը, տրանսպորտային ճգնաժամ է:

Համաշխարհային շուկաներում կորոնավիրուսի համաճարակի ճնշման տակ նավթի գնի հերթական անկումն է գրանցվել՝ բարելի դիմաց 25 դոլար, ռուսական ռուբլին կրկին արժեզրկվել է, փոխարժեքը հասել է մեկ դոլարի դիմաց 80 ռուբլու:

XS
SM
MD
LG