Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլին, արժեթղթերը կտրուկ անկում են արձանագրում


Ռուսաստան - Տարադրամի փոխանակման կետ Վլադիվոստոկում, 10-ը մարտի, 2020թ.

Մոսկովյան բորսան երեկվա հանգստյան օրվանից հետո առավոտյան բացվել է ռուբլու կտրուկ գնանկմամբ՝ դոլարը վաճառվել է 72,8 ռուբլով, եվրոն՝ 82,5-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին չորս տարվա մեջ: Անկում են արձանագրել այսօր նաև ռուսական հիմնական ընկերությունների արժեթղթերը։

Մարտի 6-ին Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջև բանակցությունների ձախողման պատճառով նավթի գների անկումը հանգեցրեց ռուբլու արժեզրկման: Երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, Brent տեսակի նավթի գինը նվազել էր 30 տոկոսով և հասել բարելի դիմաց 31 դոլարի: Սա ամենամեծ անկումն էր 1991 թվականից ի վեր:

Հանգստյան օրերի պատճառով մոսկովյան բորսայում երեկ առևտուր տեղի չէր ունեցել: Սակայն Ռուսաստանի ռուբլու փոխարժեքը երկուշաբթի օրը միջազգային միջազգային արժութային շուկայում հիմնական համաշխարհային արժույթների նկատմամբ նվազել է մոտ 10 տոկոսով: Ռուսաստանի կենտրոնական բանկը որոշել է աջակցել ռուբլուն արտարժույթի միջամտության միջոցով: Ֆինանսների նախարարությունը խոստացել է սկսել արժույթի վաճառքը:

Միևնույն ժամանակ, երեկվա ռեկորդային անկումից հետո նավթի գինն այսօր սկսեց բարձրանալ: Լոնդոնի բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի մատակարարման ֆյուչերսները 2020 թվականի մայիսին աճել են գրեթե 8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 36,8 դոլարի:

OPEC-ի և Ռուսաստանի միջև մարտի 6-ի բանակցությունների տապալման համար փորձագետները ռուսական իշխանություններին են մեղադրում։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր ասել է, թե OPEC-ի հետ լուրջ քննարկումներ են եղել, սակայն ռուսական կողմի առաջարկն իր կարծիքով ավելի լավն էր։ Ամեն դեպքում, Նովակը չի բացառել OPEC-ի երկրների հետ նոր համաձայնագրերի կնքումը։ «Դռները բաց են», - ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, ում փորձագետները մեղադրում են OPEC-ի հետ բանակցությունները տապալելու մեջ: Հերթական հանդիպումները, նրա խոսքով, պետք է տեղի ունենան մայիս-հունիս ամիսներին: Նովակը նաև հավելել է, թե նավթի գնի վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի:

Ռուսաստանցի փորձագետները նավթի գնի անկումը և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև գնային այս հակամարտությունն արդեն անվանել են «գնային պատերազմ» և նավթի շուկայում ստեղծված իրավիճակը համեմատում են Խորհրդային Միության փլուզման նախօրեին ստեղծված իրավիճակի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG