Մատչելիության հղումներ

ՀՀ դատախազությունը պատրաստում է «Ալրաղացի Լյովիկի» արտահանձնման համար պահանջվող փաստաթղթերը


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստում է փաստաթղթերի փաթեթը, որոնք պետք է ուղարկել Ռուսաստան՝ Լևոն Սարգսյանի՝ նույն ինքը «Ալրաղացի Լյովիկի» արտահանձնման նպատակով։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հանձնման գործընթացը կախված է բավականին գործոններից, և այս պահին չեմ կարող ո՛չ ժամկետների, ո՛չ էլ հետագա ընթացների մասին ասել, բայց համենայն դեպս մեր կողմից այս պահին նախատեսվում են հանձնման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և փաստաթղթերի փաթեթի պատրաստ լինելուն պես դրանք կփոխանցվեն ռուսական կողմին՝ հանձնման գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով», - ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա, մոտ ապագայում՝ գուցե այսօրվա ընթացքում, հնարավոր լինի այդ փաթեթը պատրաստել և ուղարկել Ռուսաստան։

Նշենք, որ որ երեկ Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում Հանրապետականի նախկին պատգամավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով:

«Ազատության» հարցին, թե ունի տեղեկություն՝ արդյոք Լևոն Սարգսյանը Ռուսաստանի քաղաքացի է, թե ոչ, քանի որ այդ դեպքում արտահանձնելու դիմումը ՌԴ-ն կարող է մերժել, Գոռ Աբրահամյանը պատասխանեց. - «Այս պահին դրա վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, ընդհանուր գործի հետագա քննությունից դա պարզ կդառնա։ Այս պահին տեղեկատվություն չունեմ»։

Լևոն Սարգսյանը դեռևս 1999-ից մինչև 2007 թվականը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ավելին Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, նա անդամակցում էր այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությանը:

XS
SM
MD
LG