Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանը «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը


Վահագն Հարությունյան, արխիվ

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը ապօրինի է համարում նաև իր նկատմամբ հայտարարված հետախուզումը:

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց, թե իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու»:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ապացույցների կեղծման մեղադրանք է առաջադրվել նաև դատաձգաբան փորձագետին՝ նրա նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում:

Հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց, թե ինքը հուլիս ամսից գտնվում է Մոսկվայում՝ սիրտանոթային խնդիրները բուժելու նպատակով։

Քննչական խմբի նախկին ղեկավարը պնդեց, թե մեղադրանքն ուղղորդված է, սակայն չնշեց ում կողմից։ Ասաց նաև, որ մեղադրանքի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց և ծանոթանալուց հետո դրան հանգամանալից կանդրադառնա․ - «Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով։

Ըստ ՀՔԾ-ի, այդ նպատակով ոստիկանության զորքերը Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս հենց Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով փոփոխել է պարկուճները և կազմել կեղծ արձանագրություն։

Վահագն Հարությունյանը, մինչդեռ, հակադարձում է՝ ինչպե՞ս կարող էր նախաքննական մարմինը նման եզրահանգման գալ, եթե ո՛չ ինքն է հարցաքննվել, ո՛չ էլ փորձագետը․ - «Ինչի՞ց վերցրեցին, որ փորձագետի հետ ես ունեցել եմ համաձայնություն․․․ նրան էլ են ոնց որ թե ուզում հետախուզել չգիտեմ ինչ հիմքով, ինչը ենթադրում է, որ նրան չեն հարցաքննել․․․ Գոնե նրա մասով պետք է ցուցմունք տվողը լինեի ես: Ես նման ցուցմունք չեմ տվել: Նախ սկսենք նրանից, որ ինձ չեն հարցաքննել, և եթե նույնիսկ հարցաքննեին, ես նման ցուցմունք չէի տա: Ոչ թե չէի տա, կխուսափեի, այլ չի եղել նման բան»:

Այսօր կառավարության նիստից հետո Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հակադարձեց Վահագն Հարությունյանին՝ ասելով, որ երեկվա բացահայտման հետ կապված հանգամանքները հայտնի չէին հուլիսին, երբ Վահագն Հարությունյանը դեռ Հայաստանում էր, և դա է պատճառը, որ այդ ժամանակ նրան մեղադրանք չեն առաջադրել։

«Բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է», - ասաց Խաչատրյանը։ - «Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ ես գնահատում, որովհետև փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքները և գործի ողնաշարը կոտրել»:

Այս տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հարությունյանը պնդեց, որ առողջական խնդիրների պատճառով է մեկնել Մոսվկա, և որ այդ մասին իր ներկայացուցչի միջոցով հայտնել է նախաքննական մարմնին՝ անգամ իր հասցեն նշել: Երեկ անգամ այդ մասին տեղեկացրել է քննիչներին, բայց դրանից հետո էլ իր նկատմամբ հետախուզում են հայտարարում։

Մինչդեռ Սասուն Խաչատրյանը պնդում է, որ հետախուզումը ենթադրում է նաև հետախուզվողին իրավապահներին ներկայացնելը, և ոչ միայն նրա գտնվելու վայրի մասին իմանալը․ - «Որքանով ինձ հայտնի է Վահագն Հարությունյանը զանգահարել է քննիչներին և հայտնել է, որ կարող է ասել իր գտնվելու վայրը, սակայն Հայաստան գալու մտադրության մասին չի բարձրաձայնել»:

«Ազատության» հարցին, թե նոյեմբերի 19-ից հետո, եթե բժշկական հետազոտությունները բարեհաջող ավարտվեն, արդյոք կվերադառնա Հայաստան, Հարությունյանը պատասխանեց, թե առայժմ չգիտի։

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ողջունելի է համարում գործով նոր հանգամանքների բացահայտումը՝ նշելով, որ ամենակարևոր բացահայտումների շղթան է բացվում, և հավելեց․ - «Իսկ Աղվան Հովսեփյանը, որպես հանրապետության գլխավոր դատախազ, այս ամբողջ գործի օրինականության հետ կապված համար մեկ պատասխանատուն ինքն է: Եթե քննչական մարմիններն են իրականացրել այս անօրինականությունը, գլխավոր դատախազը համար մեկ պատասխանատուն պետք է լինի, որովհետև առնվազն ինքը չի եղել իր տեղում: Էլ չեմ ասում, որ կարող է բացահայտվի, որ անմիջական իրենց հրահանգների միջոցով է դա տեղի ունեցել»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

XS
SM
MD
LG