Մատչելիության հղումներ

Լոռիում վարակի դեմ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվում, կան ինքնամեկուսացվածներ


Լոռու մարզպետարան, արխիվ

Լոռու մարզպետարանում ստեղծված կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ պայքարի հանձնաժողովն այսօր կանցկացնի իր առաջին փակ նիստը։ Մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` մարզպետի գլխավորությամբ գործող հանձնաժողովն «անհրաժեշտ գործողություններ կիրականացնի շուրջօրյա ռեժիմով»:

Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող բոլոր հիմնարկները փակ են։ Աշխատում է միայն քաղաքապետարանը, ընդ որում համայնքապետ Մամիկոն Ասլանյանը թույլատրել է անչափահաս երեխա ունեցող մայրերին չգալ աշխատանքի։

Նա «Ազատությանն» ասաց, որ դա իրենց աշխատողների մոտ 30 տոկոսն է. - «Մեր բոլոր հիմնարկներից, ըստ էության, որովհետև գրեթե բոլոր կուլտուր-մասսայական, սպորտային և նախադպրոցական հիմնարկներ են։ Համայնքապետարանի աշխատակազմն ա, որ աշխատում ա քաղաքացիների հետ։ Քաղաքի կենսագործունեության համար էն ոլորտները, որոնք որ պարտադիր են, էդ մարդկանց կպահենք արտակարգ ռեժիմով, մնացածի հետ կապված արդեն որոշումներ կկայացնենք, թե ով երբ։ Գուցե նաև մոբիլ խմբեր ստեղծենք»։

Վանաձորում չեղարկվել են քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմակերպված բոլոր մարզական ու մշակութային միջոցառումները։ Համայնքապետն «Ազատությանը» փոխանցեց նաև, որ արդեն երկու օր է` յուրաքանչյուր երթուղուց հետո ախտահանվում են հասարակական տրանսպորտի միջոցները։

Ինչ վերաբերում է մասնավոր հիմնարկներին, ապա աշխատանքը դադարեցնելու մասին որոշում դեռ չեն կայացրել։ Հայաստանի ամենաշատ թվով՝ ավելի քան 2000 աշխատակից ունեցող Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան աշխատանքը կդադարեցնի, եթե արտակարգ դրություն սահմանելուց հետո որոշվի սահմանափակումները տարածել նաև իրենց նկատմամբ։

Ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյանը «Ազատությանն» ասաց, որ սպասում են կառավարության որոշմանը։ Այսօր ավելի վաղ փոխանցել էր, որ աշխատանքը չեն դադարեցնի, քանի դեռ կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք իրենց մոտ չի արձանագրվել․ - «Եթե մեր մոտ մասսայական դեպքեր չլինեն, մենք մտադիր չենք։ Որովհետև հանաք բան չի միանգամից կանգնացնելը։ Եթե հիվանդներ չկան, եթե պատվիրատուները չեն հրաժարվում»։

Նշենք, որ ֆաբրիկայի պատվիրատուները իտալական ընկերություններ են։

Մարտի 13-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանցից մեկը «Գլորիա» ֆաբրիկա այցելած իտալացի մասնագետն էր։ Թեստերի արդյունքում հինգ անձանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել: Երեկ ևս 5 անձ թեստ է հանձնել՝ բացասական արդյունքով։ Նրանք բոլորն էլ տուն են ուղարկվում։

Հարցին, թե արդյոք կանխարգելիչ որևէ միջոցառում իրականացնում են, Դարբինյանը պատասխանեց, որ ընդամենը աշխատողներին հորդորում են աշխատավայրում հաճախակի լվացվել. - «Էս պահին մենք սպասում ենք հրահանգներ կոմպետենտ մարմիններից։ Կամ կառավարության որոշում լինի, որ 50 հոգուց ավել, 10 հոգուց ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունները չպետք է աշխատեն, կամ աշխատելու դեպքում ինչ հրահանգներ պետք է կատարեն։ Աշխատակիցների շրջանում ոչ մի խուճապ չկա, նույն ռեժիմով աշխատում են։ Ստեղ հարցը նա չի, որ մենք տուն ուղարկենք, հետո ֆինանսական կորուստներից վախենանք»։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանը» հայտնեց, որ մարզում մի քանի տասնյակ անձինք, որոնք վերադարձել են այլ երկրներից, մասնավորապես Իրանից և Իտալիայից, կամ նրանց հետ շփվածներն ինքնամեկուսացված են և գտնվում են անընդհատ հսկողության տակ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG