Մատչելիության հղումներ

Էջմիածնում հավելյալ միջոցներ են ձեռնարկվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար


Բուժաշխատողները Էջմիածին քաղաքի մուտքի մոտ չափում են քաղաքացիների ջերմությունը, 16-ը մարտի 2020թ.

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնում, որտեղ տեղի էր ունեցել հայտնի նշանադրությունը, հավելյալ միջոցներ են ձեռնարկվել։

Կառավարության որոշմամբ՝ երեկ ժամը 23։00-ից քաղաքացիները Էջմիածնի 27 ելքերից միայն երեքից կարող են օգտվել՝ Վաղարշապատ - Երևան, Վաղարշապատ - Աշտարակ, Վաղարշապատ - Մասիս ճանապարհներով:

Այսօր էլ բժիշկները այդ մուտքերի մոտ ջերմաչափում են իրականացնում և ջերմություն ունեցող քաղաքացիներին հորդորում են ինքնամեկուսացվել։

Մարդկանց մեծ հոսքը քաղաքի մուտքերի մոտ հերթեր է առաջացրել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում մարդկանց մնալ տանը և քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Շարժը շատ մեծ է, մենք ուղերձով անընդհատ հանդես ենք գալիս, որ մարդիկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն լքեն քաղաքը կամ մտնեն քաղաք, որովհետև այս պահին իսկապես հոսքն ու հերթերը շատ են: Հուսով եմ, որ առաջին օրն է, դեռ սովոր չեն, ժամանակի ընթացքում կկարգավորվի», - ասաց Գասպարյանը:

«Ազատության» հարցին՝ եթե այդ կետերի մոտ պարզվում է, որ քաղաքացին ջերմություն չունի, ինչ-որ ձևով ոստիկանները խոչընդոտո՞ւմ են քաղաքից նրանց դուրս գալը, Էջմիածնի քաղաքապետը պատասխանեց. «Ոչ, իհարկե, ոչ: Պարզապես հոսքն է շատ և հերթեր են կուտակվում, թե չէ որևէ կերպ որևէ մեկին չեն խոչընդոտում, միայն ջերմություն ունեցող հիվանդներին ուղարկում են կամ քաղաքացիներին ավելի ճիշտ ուղարկում են տուն»:

Քաղաքի մյուս մուտքերը հսկում են ոստիկանական ուժերը, և տեղաշարժը այդ հատվածներում արգելված է: Քաղաքապետարանը այս օրերին ձեռք է բերել մեծ քանակությամբ ախտահանիչ նյութեր, իրականացվել են անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի դեղատները, մթերային խանութները բնականոն աշխատեն:

«Այժմ քաղաքապետարանի բրիգադները բաժանում են բոլոր հանրային սննդի կետերին, խանութներին, հատկապես՝ մթերքի, բանջարեղենի և մրգի, թե՛ բժշկական սիրտ, թե՛ քլոր, որպեսզի ախտահանման գործընթացը կազմակերպվի՝ ընդ որում քաղաքի ամբողջ հատվածում: Հետևելու ենք, որպեսզի տնտեսվարողները ախտահանեն տարածքները: Դրա պակաս այս պահին դեռ չունենք», - ասաց քաղաքապետը:

XS
SM
MD
LG