Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը տնտեսական «գործուն, էֆեկտիվ և կոնկրետ գործողություններ» է ակնկալում


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գտնում է, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ իշխանությունները պետք է ձեռնարկեն քայլեր`տնտեսական կոլապսից խուսափելու համար: Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ Թանդիլյանը նշեց, որ իշխանությունները ավելի վաղ պետք է քայլեր ձեռնարկեին կորոնավիրուսի կանխարգելման համար:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Մանե Թանդիլյան. - Զուտ վիորսի տարածման իմաստով, այս պահի դրությամբ եթե գնահատենք, տեսանելի են գործողությունները: Ցավոք սրտի, ես կուզենայի, որ այս լրջությունն ու այս պատասխանատվությունն ավելի վաղ դրսևորվեր, երբ առաջին անգամ ես պանդեմիայի մասին լսեցի, որ միջազգային առողջապահական կազմակերպությունները քննարկում են պանդեմիայի հնարավորությունը, մեզ մոտ դեռ նախարարը «դինոզավրի գրիպ, ազգ` էպիդեմիոլոգ» ստատուսներ էր գրում, ես պետք է ասեմ, որ մենք մի քիչ ավելի շուտ պիտի արձագանքեինք սրան: Շատ կուզենամ, որ հավաքների չգնալու մասին հայտարարող վարչապետը նախորդ օրը հանրահավաք չանի և «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է» հայտարարություններ չանի, որովհետև մենք պետք է հետո ակնկալենք, որ մեր քաղաքացին պատասխանատու վերաբերվի իրավիճակին և չգնա միջոցառումների, որտեղ մարդիկ են հավաքվում, մարդկային կուտակումներ կան:

«Ազատություն». - Այդուհանդերձ, նա ընդհատեց քարոզարշավը, վերադարձավ:

Մանե Թանդիլյան. - Այո, այսօր ես տեսնում եմ այն լրջությունն ու մոտեցումը, որ ակնկալել պետք էր մի քիչ ավելի վաղ, գոնե իմ գնահատմամբ, որովհետև լուրերը, ինֆորմացիան, թե ինչ է կատարվում աշխարհում, ավելի վաղ էինք ստանում: Ես կարծում եմ` այս պահի միջոցառումները` նաև տրանսպորտների ախտահանումը, տարբեր կոչերը, հորդորները տնից աշխատելու, ինքնամեկուսանալու, իսկապես տեղին են և արդարացված են և պետք է ավելի վաղ իրականանային:

Իմ անհանգստությունն այսօր տնտեսական թիմի վերաբերյալ է և նրանց գործողությունների, որ ես տեսնում եմ` դեռևս մեկ գեթ որոշում տնտեսական թիմի կողմից չի արվել, որպեսզի այն սպասումները, ըստ էության տնտեսությունը բաղկացած է նաև սպասումներից, դրա դրսևորումն է, սպասումները դարձնեք դրական, որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքացիներն անհանգիստ են, իրավամբ անհանգիստ են, հետևաբար նրանց վարքագծի ճշգրտումը և տնտեսական վնասների նվազեցումը պետք է լինի կառավարության որոշումների մակարդակում` հարկերի արտոնություններ, հարկային արձակուրդներ, քաղվարկերի տոկոսների սուբսիդավորում և տարբեր: Ես մի քանի միջոցառումներ նշել եմ, որ օր առաջ պետք է հայտարարել այդ միջոցառումների իրականացման մասին: Ցավոք սրտի, դեռ ընդամենը կառավարությունը որոշում է որոշում կայացնել: Ես այդպիսի տպավորություն ունեմ, այնինչ պետք է արդեն որոշումները կայացված լինեին:

«Ազատություն». - Տնտեսությունը խթանելու, այսինքն` գոնե կոլապսի հնարավորությունը բացառելու համար պետք է ակտիվ տնտեսական լծակների ներդրում:

Մանե Թանդիլյան. - Այո, շատ գործուն, էֆեկտիվ և կոնկրետ գործողություններ են պետք, և արձանագրենք ու արագ իրականացնենք: Նաև արագ շինարարական աշխատանքներ պետք է վերակազմակերպվեն, տարբեր գումարներ, կապիտալ ծախսումներ իրականացվեն` ենթակառուցվածքները վերանորոգելու, շտկելու, այսինքն` ցույց տալու, որ դրական սպասումներ մեր երկրում առկա են, և տնտեսությունը վերակազմակերպելու և վերակառուցելու հնարավորություն ունենք:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG