Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը պետք է ստանա պատշաճ միջոցառումներ, որոնք Հայաստանում արվում են, վստահեցնում է նախարարը


Աշխարհում արդեն ավելի քան 3 հազար 200 մարդու կյանք խլած նոր կորոնավիրուսի շուրջ է զրուցել «Ազատություն» ռադիոկայանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Դիմակների և սպիրտային հեղուկների դեֆիցիտի ֆոնին հնչում են մեղադրանքներ, որ նախօրոք համալիր միջոցառումներ չեն իրականացվել։ Մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մեկ ամիս առաջ պետք է հրահանգներ իջեցված լինեին դեղատներին, բուժհաստատություններին՝ ձեռք բերել այդ բավարար քանակի դիմակները...

Արսեն Թորոսյան. - Երևի պարոն Գագիկ Ծառուկյանը մի քիչ համաշխարհային անցուդարձից էդքան տեղյակ չի, որովհետև աշխարհում հիմա դիմակների դեֆիցիտ կա, ու ձեռք բերել պարզապես հնարավոր չի, ես ամեն օր դրա մասին կրկնում եմ։

«Ազատություն». – Մի ամիս առաջ է՞լ կար այդ դեֆիցիտը։

Թորոսյան. – Դեֆիցիտը սկսվել է չինական կրիզիսից, այսինքն՝ չինական արտադրողները սկսել են չմատակարարել դիմակներ ամբողջ աշխարհին,, նույնը մեր հարևան Իրանին է վերաբերում։ Եվ երկրորդը՝ մենք ունենք բավարար քանակով դիմակներ բժշկական հաստատություններում ըստ ցուցումների օգտագործելու համար, մնացածը պարզապես կարիք չկա, պետք չի շարունակել սերմանել այդ անիմաստ և անհարկի խուճապը, հատկապես՝ քաղաքական գործիչների կողմից, որոնք, կարծում եմ, պետք է կոչված լինեն, հակառակը, հանգստության կոչեր անելու՝ անկախ իրենց էս պահին ընդդիմություն կամ իշխանություն լինելուց։

«Ազատություն». – Եթե միջազգային անցուդարձին տեղյակ չէ, ապա, ասում է, որ Ծաղկաձորում իր աչքով է տեսել, դուք տեղափոխեցիք պոտենցիալ վարակվածներին այնտեղ, և ահա՝ առողջարանային գոտում տուրիզմը կանգ է առել, հյուրանոցները դատարկ են, ամրագրված սենյակները չեղարկվել են։

Թորոսյան. – Չգիտեմ էլ նույնիսկ ոնց պատասխանեմ, որովհետև արդեն բազմիցս պատասխանել ենք, ինքներս ենք գնացել, ցույց տվել, որ որևէ վտանգ չկա։ Մի քանի ամրագրում կարող է չեղարկված լինի, տոկոսայինով եթե հաշվենք, կարող է մի 5-10 տոկոս, պարզապես էլի շահարկումներ, էս ինֆոդեմիայի շրջանակներում շահարկվում է ինչը. ամեն ինչ եղել է կիրակի օրը, և այցելուների, հանգստացողների մեծ մասը պարզապես check out է լինում, այսինքն՝ դուրս է գալիս, գնում է իր գործերով։ Ես իմ աչքով տեսել եմ բազմաթիվ ռուս և այլ երկրներից ժամանած տուրիստների։

«Ազատություն». – Դուք պետք է պաշտոնանկ արվեք, որովհետև երկրի ղեկավարությանը ապակողմնորոշել եք՝ սա էլ մասնագիտությամբ բժիշկ, Բժշկական համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին է ասել, և, եթե թույլ կտաք, նա Ձեր խոսքն է մեջբերել. - «Քանի որ կորոնավիրուսը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։

Թորոսյան. – Ես սույն անձին խորհուրդ կտամ վերանցնել Բժշկական համալսարանի համաճարակաբանական կուրսը, կարծում եմ՝ ինքը հիմա դրա հնարավորությունն ունի, հետո դրա մասին արդեն կխոսենք։

«Ազատություն». – Այնուամենայնիվ, ի՞նչ եք նկատի ունեցել, որ շատ վտանգավոր վիրուս չի համարվում, և հատուկ միջոցառումների կարիք չկա։ Որովհետև ամեն երկրորդը այսօր Ֆեյսբուքում Ձեր այս խոսքն է մեջբերում։

Թորոսյան. – Եթե իմ խոսքը ամբողջությամբ կարդաք, շատ պարզ է՝ ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ընդամենը կարդում եք վերջին երկու նախադասությունը...

«Ազատություն». – Այն, ինչ մեջբերվում է, այո...

Թորոսյան. – Ես ասել եմ՝ ավելի հատուկ միջոցառումների կարիք չկա, և կրկնում և հաստատում եմ իմ ասածը, որ այն, ինչ արվում է, դրանից ավել որևէ միջոցառման կարիք չկա։ Եվ նորից կրկնում և հաստատում եմ, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չի համարվում, հատուկ վտանգավոր վարակները շատ քիչ են, բարեբախտաբար Հայաստանում և աշխարհի շատ երկրներում չեն գրանցվել վաղուց՝ ժանտախտ, խոլերա, դեղին տենդ, էբոլա և այլն, և, հետևաբար, կորոնավիրուսը պետք է ստանա պատշաճ միջոցառումներ։ Էդ պատշաճ միջոցառումները Հայաստանում արվում են և մի բան էլ ավել են արվում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG