Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը դժգոհ է կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերից


«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը վստահ է, որ Հայաստան հասած կորոնավիրուսն իրեն չի սպառնում։

«Բարի մարդկանց էդ հիվանդությունները չի կպնում», - կատակեց նա։

Բժշկական դիմակ դեղատնից անձամբ ձեռք բերելու փորձեր չի արել, դրա կարիքն, ասաց, չունի, բայց լսել է՝ սուղ է։ Նաև այդ պատճառով է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը դժգոհ վիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերից. - «Էսօր եկել է, մի ամիս հետո, չոքել է մեր դուռը, և նայում ես՝ մասկաներ չկա, գնում ես՝ դեղորայք չկա։ Չհասկացա, էդ ապտեկայի տերը, սեփականատերը հիվանդանոցի պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանար պարտադիր, որ նա որտեղից ուզում է, բերեր ապահովեր»։

Ծառուկյանը նախ քննադատեց Թեհրանից հատուկ չվերթներով Երևան ժամանած բոլոր քաղաքացիներին չմեկուսացնելու որոշումը, ապա՝ նաև մեկուսացնելու։ Մասնավորապես, որ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված 32 հոգին երկու շաբաթ կանցկացնեն Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. - «Չէ որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է։ Ուրեմն պարտադիր է՝ մարդիկ էկան, երկու շաբաթ կարելի էր իրանց առանձնացնել, լրիվ դիագնոզը վերցնել... Թե չէ, պատկերացրու, մայրն ա, հայրն ա, գնում ա տուն, տունը երեխա կա, ծնող կա, հեր կա, մեր կա, քույր կա... Ո՞նց կարելի էր ըտենց։ Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»։

Կիրակի երեկոն Ծաղկաձորում անցկացրած վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքում պատմել էր, թե ծաղկաձորյան ռեստորանները լեցուն են այցելուներով, այդ թվում՝ օտարերկրացի։

Ծառուկյանը ճիշտ հակառակ պնդումն արեց. -- «Մարդիկ տոմսերը վերցրել, հյուրանոցները բրոնյա են արել։ Նույն օրը գնացել են, տարել են Ծաղկաձորի գլխին դրել են։ Ամբողջը դատարկ ա։ Բայց տենց բան ո՞նց կարելի էր անել։ Նույն պահին հենց ասել են, անմիջապես սաղ ինչքան պատվեր կար, հեչ արեցին, էղածներն էլ թողեցին-գնացին»։

Ըստ 2018-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԿԸՀ ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի, Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցային համալիրի 100 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանն է։

Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյան

Իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Գայանե Աբրահամյանը կարծում է՝ նրա գնահատականներն օբյեկտիվ չեն. - «Քննադատել, որ այնտեղ բիզնես շահն է տուժում։ Մեզ համար առաջնայինը քաղաքացիների առողջությունն է, և այս պահին պետության ունեցած ռեսուրսներով ամենահարմար տարբերակը հենց այդ շենքն էր, որը պետք էր օգտագործել։ Եվ բավական մեկուսացված տարածքում է։ Այնտեղ սենյակներից չի կարող տարածվել վիրուսը, հասնել մյուս հյուրանոցներ։ Սա իսկապես անհեթեթություն է։ Այս դեպքում գնահատական է տալիս ոչ այնքան պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որքան սեփականատեր Գագիկ Ծառուկյանը՝ ունենալով իր որոշակի շահը։ Ունենալով բիզնեսներ հենց Ծաղկաձորում։ Ես կարծում եմ, որ ձեռնարկված գործողությունները իրապես ճիշտ էին, արագ էին»։

Ծառուկյանը՝ վարչապետ․․․ խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարն այսօր տեսախցիկների առջև վստահեցնում էր՝ այդ ծանրության տակ մտնել չի ուզում. - «Վարչապետը կա, նորմալ աշխատում ա։ Պետք է բոլորդ պադդերժկա անեք, կազմակերպեք։ Էդ ծանրության տակ մենք չենք էլ ուզում ո՛չ մտածենք, ո՛չ էլ...»

Իշխանությունը հայտարարում է, որ անցած տարի տնտեսական աճը 7,6 տոկոս է եղել՝ 2018-ի համեմատ 2,4 տոկոսով բարձր։ Ծառուկյանը շարունակում է թերահավատ լինել՝ ասելով, թե կառավարության քայլերը չեն կարող ապահովել տնտեսական հեղափոխությունը։

Տնտեսական աճ, կարող է կա, բայց դա մարդկանց առօրյայի վրա, հայտարարեց, չի ազդել. - «Տնտեսական հեղափոխությունը մեկ տարի անցավ. արդեն էդ միլիոն ու կես վարկառուն պտի դառնար միլիոն 200 հազար, մեկ միլիոն։ Հիմա դառել ա միլիոն 650 հազար։ Մարդը էսօր մտածում ա մութը երբ ընկնի ու էդ մութը ուզում ա էլ չբացվի, որ հանկարծ առավոտ պրոբլեմ չունենա, ունեցվածքը չկորցնի, չգան տունը տանեն, հողը տանեն»։

Գայանե Աբրահամյանը հակադարձում է․ - «Վարկերի մեծացումը հենց խոսում է նրա մասին, որ մարդիկ շատ ավելի վստահում են իրենց ապագա հնարավորությանը, որ կկարողանան էդ վարկերը փակել, քան նախկինում էր»։

XS
SM
MD
LG