Մատչելիության հղումներ

«Հենց այնպես չեն ծեծում». Պուտինը՝ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 26-ը փետրվարի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 26-ը փետրվարի, 2020թ.

ՏԱՍՍ գործակալության պատրաստած հարցազրույցի հերթական մասում Ռուսաստանի նախագահը խոսում է դատական համակարգի և ընդդիմության բողոքի ակցիաների մասին։

Լրագրողը Վլադիմիր Պուտինին մասնավորապես հարցնում է, թե ինչո՞ւ են Ռուսաստանի իրավապահները դաժանորեն ծեծում մարդկանց բողոքի ակցիաների ժամանակ, և հղում է անում մի տեսագրության, որում երևում է, թե ինչպես է Ռոսգվարդիայի աշխատակիցը մահակով ծեծում մի կնոջ։

«Երբ մահակներով մարդկանց ծեծո՞ւմ են», - հարցնում է լրագրողը։

«Հենց այնպես չեն ծեծում։ Եթե օրինական են գործում այդ ցուցարարները, նրանց ոչ ոք չի ծեծի, հակառակը՝ կպաշտպանեն», - պատասխանում է Պուտինը։

«Նայեք տեսագրությունները՝ կնոջ են ծեծում մահակներով», - շարունակում է լրագրողը։

«Հենց այնպես չէ, որ ծեծում են, խոսքը հավանաբար չարտոնված ակցիաների մասին է», - արձագանքում է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք՝ անցած ամռանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովը քաղաքային դումայի ընտրություններին չէր գրանցել ընդդիմադիր թեկնածուների։ Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվեցին բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնց մի մասն արտոնված չէր։ Համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, որոնցում երևում է, է, թե ինչպես են իրավապահները շատ դաժանորեն ծեծում մարդկանց, այդ թվում՝ կանանց և անչափահասների։ Հազարավոր մարդկանց բերման են ենթարկել, տասնյակ մարդիկ հայտնվել են կալանավայրերում։

Ռուսաստանի նախագահը, սակայն, այս հարցազրույցում ասում է, թե իրավապահները գործում էին օրենքի սահմաններում, իսկ ընդդիմությունն իր դժգոհությունը կարող է հայտնել կամ համացանցում, կամ էլ արտոնված ակցիաների միջոցով։

Պուտինը հավելում է, որ ընդդիմությունը չարտոնված ակցիաները հատուկ է կազմակերպում. - «Ինչո՞ւ են արգելափակում երթևեկությունը՝ հրահրում են իրավապահ մարմիններին կոշտ գործողությունների, որ նրանք սկսեն մահակներ օգտագործել, հետո էլ լրագրողները ինձ սրա մասին հարցնեն։ Սա է իմաստը, այլ պատճառ չկա։ Շոու է, ցույց են տալիս, որ նրանք՝ ընդդիմությունը, հերոսներ են»։

Ի դեպ, անկախ դիտորդները համոզված են, որ նոր ձևաչափով այս հարցազրույցը խմբագրվել է Կրեմլում։

Հավելենք՝ այսօր հրապարակվել է Պուտինի նախկին օգնական, Կրեմլի երբեմնի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Վլադիսլավ Սուրկովի հարցազրույցը, որում նա, մասնավորապես, չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո Պուտինը նորից մասնակցի ընտրություններին, քանի որ սահմանադրական բարեփոխումները դե յուրե նոր քաղաքական իրականության մեկնարկ են տալիս։

«Համենայն դեպս, սա իրավական անհրաժեշտություն է», - ասել է Սուրկովը “Актуальные комментарии” ռուսական ինտերնետ պարբերականին տված հարցազրույցում։

Ի դեպ, ավելի վաղ նույն միտքն էր հնչեցրել նաև "Эхо Москвы" ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող աշխատանքային խմբի համանախագահ Անդրեյ Կլիշասը, սակայն, սա բացառում է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի Սահմանադրությունում փոփոխությունները չեն նախատեսում նախագահական ժամկետների չեղարկում։

XS
SM
MD
LG