Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ցրել է ընդդիմադիրների հավաքը Մոսկվայում


Ռուսաստան - Ցուցարարների և ոստիկանության ընդհարումը, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Ցուցարարների և ոստիկանության ընդհարումը, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2019թ․

Կիրակի երեկոյան ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ցրել է ընդդիմադիրների հավաքը Մոսկվայում:

Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել, որ մայրաքաղաքի դումայի ընտրություններին մասնակցեն ընդդիմադիր գործիչները: Ընդդիմադիրները ներկայացրել էին անհրաժեշտ թվով ստորագրություններ Մոսկվայի ընտրական հանձնաժողով, որը, սակայն, հայտարարել էր, որ դրանց 10 տոկոսից ավելին անվավեր են, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր թեկնածուներին չեն գրանցի և թույլ չեն տա մասնակցել ընտրություններին:

Ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում՝ հայտնի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, կոչ էին արել իրենց աջակիցներին կիրակի օրը հավաքվել Նովոպուշկինսկի պուրակում: Ոստիկանության տվյալներով՝ հավաքվել էր շուրջ հազար մարդ, իրականում՝ առնվազն երկու անգամ ավելի: Հավաքվածները Նովոպուշկինսկի պուրակից շարժվել էին դեպի Մոսկվայի քաղաքապետարանի և քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքեր: Ընդդիմադիրները կոչ էին արել աջակիցներին չհեռանալ ընտրական հանձնաժողովի շենքի մոտից, քանի դեռ իրենց չեն գրանցել որպես թեկնածուների, նույնիսկ վրան էին տեղադրել: Ոստիկանությունը, սակայն, վրանի տեղադրումից անմիջապես հետո հայտարարել է, որ հավաքն անօրինական է, և բիրտ ուժով ցրել հավաքվածներին: Կան տեսագրություններ, որոնցում ոստիկանությունը պարզապես ծեծում է ընդդիմադիրներին:

Տարբեր տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել էր 25-38 մարդու, այդ թվում՝ Յաշինին և Սոբոլին:

Չգրանցված թեկնածուների շարքում էին Պետդումայի նախկին պատգամավորներ Գենադի և Դմիտրի Գուդկովները, «Յաբլոկո» կուսակցության նախկին ղեկավար Սերգեյ Միտրոխինը, դերասան Անդրեյ Սոկոլովը, Իլյա Յաշինը և Լյուբով Սոբոլը:

Սոբոլը հացադուլ է հայտարարել, քանի դեռ իրեն չեն գրանցել որպես թեկնածուի, և պնդում է, որ հանձնաժողովը պարզապես կեղծել է ստորագրությունները:

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, բոլոր հարցումների համաձայն, չի վայելում ռուսաստանցիների մեծամասնության աջակցությունը, և փորձագետների կարծիքով՝ հատկապես դաշնային նշանակության քաղաքներում և մարզերում իշխանությունները հնարավորը կանեն ընդդիմադիրների մասնակցությունը ընտրություններին խոչընդոտելու համար:

Երեկ հավաքի կազմակերպիչները կոչ են արել մոսկվացիներին ամեն օր երեկոյան ժամը 7-ին հավաքվել Տուրգենևսկայա հրապարակում:

Իշխանությունները հայտարարում են, որ հավաքներն օրինական չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG