Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է


Ռուսաստանի Սահմանադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումա է ուղարկել երկրի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր անցած շաբաթ Դաշնային խորհրդին ուղղված ելույթում։

Նախատեսված է, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանը կհաստատի արդեն առաջիկա օրերին, իսկ ապրիլին, ինչպես երեկ գրել են ռուսական աղբյուրները, այն կդրվի արդեն համառուսաստանյան քվեարկության, թեև սահմանադրական բարեփոխումների գործընթացը Ռուսաստանում շատ արագ է ընթանում, և փորձագետները չեն բացառում, որ այն ավելի շուտ դրվի քվեարկության։

Ընդ որում՝ Ռուսաստանի օրենսդրությունը նման հանրաքվե չի նախատեսում, սակայն Կրեմլը, այդուամենայնիվ, որոշել է այս հարցում ստանալ ժողովրդի աջակցությունը։

Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը, ով նաև սահմանադրական բաբրեփոխումները նախապատրաստող աշխատանքային խմբի համանախագահն է, երեկ երեկոյան հայտարարել է, թե քվեարկությունը կարող է անցնել այն ժամանակ, երբ խորհրդարանն ընդունի օրենքը։

Փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է։ Այդ փոփոխությունները նախատեսում են նաև Պետական խորհրդի սահմանադրական կարգավիճակի ամրապնդում, թեև լիազորությունների մասին այդ նախագծում մանրամասներ չկան՝ դրանք կհրապարակվեն ավելի ուշ նախագահի հատուկ որոշման տեսքով։

Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ Պուտինը մտադիր է զբաղեցնել Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը 2024 թվականից հետո՝ մինչ այդ Պետխորհուրդը դարձնելով Ռուսաստանի կառավարման հիմնական օղակը։

Փորձագետներին ամենից շատ այսօր հետաքրքրում է Կրեմլի շտապողականության պատճառը։ Այս հարցի պատասխանը ոչ ոք դեռ չգիտի։

XS
SM
MD
LG