Մատչելիության հղումներ

Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ այսօր հավանություն տվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծին. 432 կողմ, ոչ և ձեռնպահ չկա։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը այս քվեարկությունը ճակատագրական և պատմական որակեց՝ հավելելով, թե օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա փետրվարի 11-ին։

Նախագծին կողմ են քվեարկել նույնիսկ կոմունիստները։

Ռուսաստանում ներքաղաքական իրադարձություններն աննախադեպ արագ են զարգանում, մինչդեռ վերլուծաբանները մինչ օրս չունեն այս շտապողականության բացատրությունը։

Պետդումայի Պետականաշինության հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենինիկովը չի համարում, որ շատ արագ է ընթանում սահմանադրական բարեփոխումների շուրջ գործընթացը։ «Բարեփոխումները մեկ օրում չեն պատրաստել, ամեն ինչ լավ մշակված է, սա ստուգված, պարզ, հասկանալի աշխատանք է», - ասել է իշխող կուսակցության պատգամավորը։

Հունվարի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում հայտարարեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Պուտինի առաջարկած փոփոխությունների համաձայն, Ռուսաստանում մասամբ փոխվում է կառավարման համակարգը։ Նախագահի լիազորությունների մի մասն անցնում է խորհրդարանին։

Պետդուման փոփոխությունները հաստատելուց հետո պետք է հավանություն տա ոչ միայն վարչապետի, այլ նաև վարչապետի առաջարկած փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Դաշնային խորհուրդն էլ պետք է մասնակցի իրավապահ մարմինների ղեկավարների նշանակման գործընթացին։ Դաշնային խորհուրդը նաև ստանում է Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին պաշտոնից ազատելու իրավունք։

Խստացվում է նախագահի թեկնածուի հանդեպ պահանջը. նա պետք է 25 տարի ապրի Ռուսաստանում և չունենա այլ երկրի քաղաքացիություն և բնակության թույլտվություն։ Բացի այս, այսուհետ Ռուսաստանում նույն անձը կարող է նախագահել միայն երկու ժամկետ։ Այսինքն՝ երկրորդ Պուտին Ռուսաստանում չպետք է լինի։

Փորձագետները, սակայն, երկու փոփոխություններ են առանձնացնում։ Առաջինը՝ Պետական խորհուրդը ստանում է սահմանադրական մարմնի կարգավիճակ, թե ի՞նչ գործառույթներ է ունենալու այս մարմինը, դեռ հայտնի չէ։ Դրանք նշված պետք է լինեն փոփոխությունների փաթեթը հաստատելուց հետո ընդունվելիք Դաշնային նոր օրենքում։

Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ 2024-ից հետո Պուտինը հենց այս մարմնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնելու՝ մինչ այդ այն դարձնելով կառավարման հիմնական օղակներից մեկը։

Երկրորդ փոփոխությունը, որի վրա հատուկ շեշտադրում են անում հատկապես անկախ փորձագետները՝ Պուտինի առաջարկած թեզն է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Ռուսաստանի իրավական տարածքում Սահմանադրությունն առաջնային է դառնում միջազգային նորմերի նկատմամբ։

Սա թերևս ամենից շատն է մտահոգում փորձագետներին, որովհետև ՌԴ իշխանություններն այս կետին հղում անելով՝ կարող են հրաժարվել կատարել միջազգային դատարանի ցանկացած որոշում։

XS
SM
MD
LG