Մատչելիության հղումներ

Էրդողան. Ռուսները ժամանում են Սիրիայի հարցը քննարկելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Երեկ Բաքու մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Անկարան ցանկանում է Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում առկա ծանր վիճակի հնարավորինս արագ և խաղաղ կարգավորում:

«Մենք չենք կարող անտեսել Բաշար ալ-Ասադի աջակիցների սադրանքները, որոնց նպատակն է փախստականների մեծ հոսք ուղղել դեպի Թուրքիայի սահման», - հայտարարել է Էրդողանը:

Նրա փոխանցմամբ՝ փաստերը վկայում են այն մասին, որ Մոսկվան ըստ ամենայնի սատարում է Ասադի ռեժիմին: Սիրիայի հարցում ակնհայտ տարաձայնությունները լուրջ ճգնաժամ են առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում:

Տեսականորեն նույնիսկ չի բացառվում երկու երկրների զինված ստորաբաժանումների բախումը Սիրիայի տարածքում:

Ռեջեփ Էրդողանն ասել է, որ այդ թեմայի շուրջ նախատեսված են ռուս-թուրքական քննարկումներ:

«Ռուսաստանի պատվիրակությունը փետրվարի 26-ին կժամանի Թուրքիա: Այնուամենայնիվ, շաբաթավերջին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կարող եմ փաստել, որ այս պահին չի կարելի ասել, թե Սիրիայի հարցով գագաթնաժողով գումարելու խնդրում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են», - նշել է Թուրքիայի նախագահը:

Նա ասել է, թե Պուտինի հետ պայմանավորվել է վատագույն դեպքում հանդիպել մարտի 5-ին: Բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում կամ Անկարայում:

«Տեղը նշանակություն չունի, Պուտինի հետ պետք է շարունակենք Իդլիբի հարցով ճանապարհային քարտեզի քննարկումը», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայի քաղաքացիական պատերազմի շուրջ:

Անդրադառնալով արաբական այդ երկրորդ պետությունում շարունակվող հակամարտությանը, որի մեջ ներքաշվել են վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի ղեկավարած կառավարությունը և ըմբոստ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Էրդողանը կշտամբել է ռուսներին:

«Հաֆթարը Արաբական Միացյալ Էմիրությունների դրածոն է, դժբախտաբար, Ռուսաստանը ներկա է Լիբիայում, այնտեղ կան «Վագների» մասնավոր զորամիավորման 2500 վարձկաններ, նրանց փողը տրամադրում է Արաբական Միացյալ Էմիրությունները», - ասել է Թուրքիայի նախագահը:

Սիրիայում թուրքերը սատարում են նախագահ Ասադի ընդդիմախոսներին, իսկ ռուսները՝ Ասադին: Մինչդեռ Լիբիայում հակառակ պատկերն է՝ ռուսները սատարում են ըմբոստ գեներալին, իսկ թուրքերը՝ վարչապետ Սարաջի միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը:

XS
SM
MD
LG