Մատչելիության հղումներ

Կրեմլը մեղադրում է Թուրքիային պայմանավորվածությունները չկատարելու մեջ


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը մեղադրում է Թուրքիային Սիրիայի շուրջ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ:

«Թուրքիան դեռ չի կատարել դեռևս մեկ տարի առաջ Սիրիայի շուրջ համաձայնագրերի պայմանները»,- «Россия 1» հեռուստաալիքի եթերում երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի ստորագրած համաձայնագրերում նշված է, որ Անկարան պետք է ապահովեր Իդլիբ նահանգում դեէսկալացիայի գոտու ստեղծումը:

Պեսկովի խոսքով՝ Իդլիբում գրոհայինները հիանալի զինված են: Կրեմլը հայտարարում է, որ Սիրիայի այդ նահանգում լարված իրավիճակը չի նպաստում սիրիական ճգնաժամի կարգավորմանը:

Կրեմլն, ըստ էության, Անկարային է մեղադրում Իդլիբի գրոհայիններին զինելու և այնտեղ իրավիճակը սրելու մեջ, սակայն դեռ զգույշ է իր հայտարարություններում:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե մարտի 5-ին հանդիպելու է Պուտինին՝ Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ հանդիպմանը ներկա են լինելու նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները:

Սիրիական այս նահանգում Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել՝ պաշտպանելով հակամարտող ճամբարների: Սիրիայի կառավարական բանակը ռուսների աջակցությամբ հունվարից պայքարում է ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրը՝ Իդլիբը գրավելու համար, Թուրքիան իր հերթին աջակցում է Ասադի ընդդիմադիրներին: Տարեսկզբից Իդլիբի շուրջ շարունակվող մարտերում թուրքական բանակի 16 զինվոր է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը՝ վիրավորվել:

XS
SM
MD
LG