Մատչելիության հղումներ

Ռուսական և թուրքական զինված ուժերը Իդլիբում փաստացի միմյանց դեմ են դուրս եկել


Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները Իդլիբ նահանգում հրետակոծում են կառավարական ուժերի դիրքերը, 20-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները Իդլիբ նահանգում հրետակոծում են կառավարական ուժերի դիրքերը, 20-ը փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը երեկ արդեն փաստացի միմյանց դեմ են դուրս եկել Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում, որտեղ Բաշար Ասադի կառավարական բանակն ու ընդդիմությունը մի քանի շաբաթ է՝ կատաղի մարտեր են մղում:

Ըստ պաշտոնական հաղորդումների, թուրքական հրետանին ցամաքից է աջակցել սիրիացի ընդդիմադիրներին, որոնք փորձել են ետ բերել վերջին օրերին կորցրած դիրքերը: Ռուսներն, իրենց հերթին, օգնության են հասել Ասադի բանակին՝ օդուժի հարձակումներով: Թուրքական կողմը երկու զինվոր է կորցրել, ևս հինգը վիրավոր են:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր՝ որևէ բանի առաջ չեն կանգնի, եթե իրենց զինվորների գլխից մազ անգամ պակասի:

«Եթե մեր զինվորները կամ դաշնակիցները հարձակման ենթարկվեն, վրեժխնդիր կլինենք, անկախ այն հանգամանքից՝ ով է հարձակվել: Մեր զինվորների անվտանգությունն Իդլիբում այս պահին երաշխավորված չէ, ուստի որևէ մեկը չի կարող մեզ արգելել, որ ինքներս դրանով զբաղվենք», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Ռուս-թուրքական հնարավոր առճակատումից խուսափելու համար երկու կողմի դիվանագետները մի քանի շաբաթ է՝ բանակցում են, նախագահներն էլ մի քանի հեռախոսազրույց են ունեցել, բայց՝ ապարդյուն:

«Պուտինի հետ չհասնելով համաձայնության՝ Էրդողանը կրկին դաշնակիցներ է փնտրում օվկիանոսից այն կողմ», - փաստում է արևմտյան մամուլը:

Bloomberg լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է՝ Անկարան Ամերիկայի օգնությանն է դիմել, խնդրելով Patriot զենիթահրթիռային համակարգեր տեղադրել Սիրիայի հետ սահմանին:

Վաշինգտոնն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները, որևէ դիրքորոշում չի հայտնել, Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, երեկ CNN Turk-ի հետ զրույցում չի թաքցրել՝ ռազմական գործողություններում կարող է նաև ամերիկյան կողմը ներգրավվել: Հուլուսի Աքարը, սակայն, ընդգծել է՝ աջակցությունը կարող է լինել միայն օդային։

«Մեր երկիրը հրթիռային հարձակումների սպառնալիքի տակ է, մեզ կարող է պետք գալ ամերիկյան Patriot-ների աջակցությունը», - ասել է Հուլուսի Աքարը։

Ռազմական փորձագետները փաստում են՝ այս համակարգերն իսկապես անհրաժեշտ են Թուրքիային, որը խոստանում է ամեն գնով աջակցել Իդլիբում կենտրոնացած իր դաշնակիցներին: Նախկինում այս տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայում են՝ կողմերից որևէ մեկը չի կարող հաջողության հասնել առանց օդուժի աջակցության, ուստի Թուրքիան ստիպված է գործի դնել իր կործանիչները: Մյուս կողմից, հստակ է՝ եթե թուրքական բանակի F-16-երը մտնեն Սիրիայի օդային տարածք, կհանդիպեն ոչ միայն Ասադի կառավարական բանակի, այլև՝ ռուսական ռազմական ինքնաթիռների դիմակայությանը:

Բախումների կենտրոնում հայտնված Իդլիբը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող նահանգը Ասադի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է, և եթե կառավարական զորքերը դուրս մղեն նրանց, Ասադը կարող է վերջակետ դնել արդեն շուրջ 8 տարի շարունակվող ներքաղաքական պատերազմին: Բացի այդ, հաղթանակը կարող է նաև հսկայական տնտեսական օգուտներ բերել, քանի որ այստեղով են անցնում Սիրիայի տրանսպորտային համակարգի հիմքում ընկած երկու առանցքային մայրուղիները:

Թուրքիան, իր հերթին, Իդլիբը համարում է սեփական ազդեցության գոտի, ըստ հաղորդումների, այստեղ տեղակայված ընդդիմադիրները տարիներ շարունակ ոչ միայն ռազմական ու ֆինանսական աջակցություն են ստացել Անկարայից, այլև՝ վերապատրաստում անցել թուրքական ճամբարներում:

«Մենք մեր դաշնակիցներից երես չենք թեքելու», - նախօրեին հայտարարել էր նախագահ Էրդողանը, զգուշացնելով՝ ռազմական լայնածավալ գործողությունները օրերի հարց են:

Կրքերը հանդարտեցնելու համար խնդրին միջամտել են Ֆրանսիան ու Գերմանիան, նախագահ Էմանյուել Մակրոնն ու կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույցներ են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ՝ առաջարկելով նստել բանակցային մեկ սեղանի շուրջ: Էրդողանն ու Պուտինը, որ ամիսներ առաջ եղբայրության ու բարեկամության խոստումներ էին տալիս միմյանց, հանդիպման առաջարկը դեռ չեն ընդունել:

Ռուսաստանի նախագահը դեռ իր համաձայնությունը չի տվել, ասել է՝ «նախ պետք է այս հարցն ինձ հետ քննարկի»: «Ես կզանգահարեմ նրան այսօր երեկոյան, մտադիր եմ քննարկել Իդլիբի հարցը՝ ծայրից ծայր», - նշել Պուտինը:

Ազդարարելով այսօր երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի մասին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է՝ այդ զրույցի արդյունքում էլ Անկարան որոշումներ կկայացնի հետագա գործողությունների շուրջ:

Մինչ կողմերը բազուկներն են ճոճում, իրավապաշտպանները փաստում են՝ Իդլիբում զինյալներից բացի նաև միլիոնավոր խաղաղ մարդիկ են ապրում, տարեսկզբից սկսված ռազմական գործողություններում արդեն իսկ 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Լայնածավալ բախումները կարող են հսկայական մարդասիրական աղետի հանգեցնել, այսօր հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը:

XS
SM
MD
LG