Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ազատության մեջ է


Վրաստան-Երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ազատության մեջ է, 20 փետրվարի, 2020թ.
Վրաստան-Երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ազատության մեջ է, 20 փետրվարի, 2020թ.

«Մեկ տարի հետո այս իշխանությունը չի լինի», - սրանք էին Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակից Վանո Մերաբիշվիլիի ազատության մեջ ասված առաջին խոսքերը:

«Ես ուրախ եմ, որ 6 տարի և 9 ամիս անցկացնելով այս բանտի մենախցում` այդպես էլ որևէ փոխզիջման չգնացի, նախևառաջ փոխզիջման չգնացի ինքս ինձ հետ: Իմ աջակիցների շնորհիվ է, որ այս տարիների ընթացքում ես կարողացա պահպանել կորովը, հույսը, կենսուրախությունը: Այդ ամենն ինձ թույլ կտա շարունակել պայքարը հանուն այս իշխանություններից Վրաստանի ազատագրման: Ես երաշխավորում եմ ձեզ` մեկ տարի անց այս կառավարության վերջը գալու է», - բանտի մուտքի մոտ հավաքված տասնյակ աջակիցներին ու լրագրողներին դիմելով՝ հայտարարում էր Վանո Մերաբիշվիլին:

Վերջինս Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիների առանցքային գործիչներից մեկն էր: Նրա անվան հետ է կապվում նախևառաջ վրացական ոստիկանության արմատական բարեփոխումների գործընթացը: Մերաբիշվիլին երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարեց շուրջ 8 տարի` 2004-ից 2012 թվականներին: Հետագայում՝ 2012-ի ամռանը և աշնանը, նա մի քանի ամիս զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը` դառնալով «Ազգային միացյալ շարժման» վերջին վարչապետը:

Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել մի շարք դրվագներով, մասնավորաբար 2011-ի մայիսի 26-ին ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, Թբիլիսիի բնակիչ Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով ապացույցներ թաքցնելու և ընտրակաշառք բաժանելու դրվագներով:

Մերաբիշվիլիի ազատազրկման ընթացքում նրա հարազատ կուսակցությունը` «Ազգային միացյալ շարժումը» պառակտվեց, իսկ կուսակցության ղեկավարների մի մասը նոր` «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ստեղծեց: Դա էր թերևս պատճառը, որ Մերաբիշվիլին այսօր դժվարացավ ասել, թե հատկապես որ քաղաքական ուժի հետ է շարունակելու պայքարը: Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետը բարձր է գնահատում ընդդիմադիրների` միավորմանն ուղղված վերջին գործողությունները:

«Ես ուրախ եմ, որ ընդդիմությունը միավորվել է, և այս միասնությունն է գործող ռեժիմի հանդեպ մեր հաղթանակի երաշխիքը: Ինչ վերաբերում է ապագա կուսակցությանը, ես մինչ օրս որևէ հայտարարությամբ հանդես չեմ եկել, քանի որ գտնվում էի մեկուսացման մեջ: Ցավոք սրտի, իմ մերձավոր ընկերներն այժմ տարբեր կուսակցությունների շարքերում են, ես կհանդիպեմ նրանց հետ, կլսեմ նրանց կարծիքը և հետևություններ կանեմ», - հայտարարում էր Մերաբիշվիլին:

Առաջիններից մեկը հեռակա կարգով Մերաբիշվիլիին ազատության մեջ ողջունեց նրա ընկերն ու նախկին վերադասը` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Ես հպարտանում եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով, տոկունությամբ և ուժով: Համաձայն եմ նրա այն տեսակետին, որ մեզ ի վերջո հաջողվելու է ազատվել Իվանիշվիլիից: Պատճառը ոչ թե մեր անձնական զգացողություններն են, այլ այն իրողությունը, որ երկրին առաջընթաց է հարկավոր և զարգացում: Բոլորին հաշտության կոչ եմ անում: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ապագայով, այլ ոչ թե անցյալի իրադարձություններով», - Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է Սաակաշվիլին:

XS
SM
MD
LG