Մատչելիության հղումներ

Վանո Մերաբիշվիլին նշանակվել է Վրաստանի վարչապետ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի վարչապետ է նշանակել Վանո Մերաբիշվիլիին, ով մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ մասին, Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է անցած շաբաթ օրը։

«Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ Մերաբիշվիլին Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից է։ Նա ներքին գործերի նախարարությունը գլխավորում էր 2004 թվականից, եւ նրա ղեկավարության ներքո իրավապահ գերատեսչությունում արմատական բարեփոխումներ են իրականացվել, որոնց գլխավոր արդյունքներից է ոստիկանության համակարգից կոռուպցիան արմատախիլ անելը։

Վրաստանի նախագահը նոր վարչապետի նշանակման մասին որոշումը ընդունեց խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ. դրանք նշանակված են այս տարվա հոկտեմբերին։

Վրաստանի Սահմանադրության համաձայն` նորանշանակ վարչապետին 10 օր է տրամադրվում կառավարություն ձեւավորելու եւ այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար։ Քանի որ խորհրդարանի գարնանային նստաշրջանը պաշտոնապես փակվել է անցած ուրբաթ օրը, կառավարության հարցով արտահերթ նստաշրջան կհրավիրվի։

Վրաստանի կառավարությունը 2009 թվականի փետրվարից գլխավորում էր Նիկա (Նիկոլոզ) Գիլաուրին, որի հետագա ծրագրերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG