Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը շարունակում է բողոքել ընտրախախտումների դեմ


Ադրբեջան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ընտրախախտումների դեմ բողոքող ցուցարարներին, Բաքու,16-ը փետրվարի, 2020թ.
Ադրբեջան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ընտրախախտումների դեմ բողոքող ցուցարարներին, Բաքու,16-ը փետրվարի, 2020թ.

«Քննադատեք, բայց մի վատաբանեք», - նախօրեին նման կոչով հանդես եկավ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը` հեռակա կարգով դիմելով փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեղարկելու պահանջով հանդես եկող ընդդիմադիրներին:

Արդեն 20 տարի այս պաշտոնը զբաղեցնող և Ադրբեջանում կայացած չորս նախագահական, չորս խորհրդարանական ընտրություններ և երկու սահմանադրական հանրաքվե կազմակերպած Փանահովի համար այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից: Տասնամյակների գործունեության ընթացքում առաջին անգամ Մազահիր Փանահովը ստիպված է մանրամասնորեն անդրադառնալ քվեարկության օրը տեղի ունեցած տասնյակ միջադեպերին:

Պատճառը` ընդդիմության կողմից ներկայացվող բողոքների շատ հաճախ անհերքելի ապացուցողական բազան է: Փետրվարի 9-ից սկսած` Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնվել է սոցիալական ցանցերում զետեղված տարատեսակ տեսագրությունների տարափի ներքո: Փանահովի խոսքով, սակայն, դրանց թիվը միայն առաջին հայացքից է շատ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացված 177 բողոքներից 97-ն արդեն իսկ քննել է: Կուզեմ հատուկ ընդգծել, որ մենք չենք ցանկանում անտեսել սոցիալական ցանցերում տեղ գտած տեսագրությունները: Հակառակը՝ մեր նպատակն է ցույց տալ հանրությանը, որ մենք օգտվում ենք սոցցանցերի ընձեռած հնարավորություններից: Սոցիալական ցանցերի շնորհիվ է, որ ընտրությունները լավ են անցել: Առանց սոցիալական ցանցերի ընտրատեղամասերի 98 տոկոսում քվեարկությունը լավ ընթացք չէր ունենա», - հայտարարում էր Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ադրբեջանցի ընդդիմադիրները, այդուհանդերձ, Մազահիր Փանահովի լավատեսական գնահատականներին կտրականապես համաձայն չեն: Նույն պահին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ ստացված բողոքները հետ էր ուղարկում ընտրատարածքային հանձնաժողովներ` հավելյալ քննության նպատակով, ԿԸՀ շենքի մոտ էին հավաքվել փետրվարի 9-ի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր և անկախ թեկնածուները:

«Մազահիր Փանահով, մի փակիր ականջներդ: Ի վերջո լսիր մեր պահանջները, արձագանքիր մեր բողոքներին». - Աստարա-Լենքորանի 76-րդ ընտրատարածքում առաջադրված Խալիդ Բաղիրովի այս խոսքերն ազդարարեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ կազմակերպված հերթական` վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ բողոքի ակցիայի մեկնարկը: Բաղիրովի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անտեսում է ընդդիմադիրների բողոքները: Ընդդիմադիրների համոզմամբ, ի դեպ,ԿԸՀ-ն արհեստականորեն ձգձգում է ներկայացված բողոքների քննությունը, որպեսզի մինչև բողոքարկման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտը հնարավորինս քիչ ընտրատարածքների անդրադարձ լինի:

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Ղուրբանովի խոսքով ևս՝ բողոքների քննության ձգձգումը ԿԸՀ-ի կողմից նպատակ ունի անհնարին դարձնել ընտրախախտումների առթիվ բողոքներով դատական հայցեր ներկայացնելը:

Ընդդիմադիրների երեկ կազմակերպած բողոքի ակցիան շարունակվեց ընդամենը մի քանի րոպե: Ոստիկանության աշխատակիցներն արագորեն հեռացրեցին բողոքի ակցիայի մասնակիցներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտից: Խալիդ Բաղիրովը, մինչդեռ, խոստացավ ամեն օր գալ հանձնաժողովի շենքի մոտ` այնքան ժամանակ, քանի դեռ իր ներկայացրած բողոքներին ընթացք չի տրվել:

XS
SM
MD
LG