Մատչելիության հղումներ

Ըստ միջազգային դիտորդների, Ադրբեջանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ներկայացնում են իրենց նախնական գնահատականը։ Բաքու, 10-ը փետրվարի. 2020թ.

Լցոնումների, բազմակի քվեարկությունների, անկախ դիտորդների նկատմամբ ճնշումների ուղեկցությամբ կիրակի օրը Ադրբեջանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ավարտվեցին իշխող ընտանիքի հերթական հաղթանակով:

Նախնական արդյունքների համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 71 պատգամավոր կունենա: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Բացառապես մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատարածքներում հաջողության են հասել նաև անկախ թեկնածուներ, որոնց մեծ մասը, սակայն, ոչ միայն սերտ կապեր ունի իշխող կուսակցության հետ, այլև բացահայտորեն աջակցում էր «Ենի Ազերբայջանի» նախընտրական ծրագրին: Այս պահի դրությամբ հայտնի է, որ պատգամավորական մանդատ կունենան երկու ընդդիմադիր գործիչներ՝ Էրքին Գադիրլին եւ Վուգար Բայրամովը:

Ընտրություններին մասնակցում էր 1314 թեկնածու երկու տասնյակ քաղաքական ուժերից:

17 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նախաձեռնել նախատեսված հերթական ընտրություններից ինը ամիս առաջ՝ այդ որոշումը պայմանավորելով երկրում ընթացող լայնածավալ տնտեսական բարեփոխումներով:

Պաշտոնական Բաքուն անցած շաբաթներին հավաստիացնում էր, որ ընտրությունները կլինեն թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, պնդում է, թե ընտրությունները համատարած կեղծվել են: Այս ընտրությունները հիմնականում բոյկոտած ընդդիմադիր ուժերը կոչ են արել իրենց աջակիցներին փետրվարի 16-ին դուրս գալ փողոց` ընդդեմ քվեարկության կեղծված արդյունքների:

«29 ընտրատեղամասերում եղել են ոստիկանական ռեյդեր, ինչին ականատես են եղել ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի դեսպանատան և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների դիտորդները», - հայտարարել է նորաստեղծ «Ումիդ» ընդդիմադիր ուժի առաջնորդ Իգբալ Աղազադեն:

«Խոսում էին թափանցիկ ընտրությունների մասին, ստացվել է թափանցիկ կեղծարարություն», - իր հերթին հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերեմլին:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ինչպես այսօր հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը, նույնպես արձանագրել է, որ ընտրությունները անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար. - «Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն»:

«Ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին և դրանք չի կարելի համարել բնակչության ազատ կամարտահայտություն», - հայտարարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների ղեկավարները:

Ինչպես միջազգային ու տեղական դիտորդները, այնպես էլ տեղական անկախ մամուլը, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները փաստում են, որ ընդունված ընտրական պրակտիկան պահպանվել է՝ լցոնումներ, բազմակի քվեարկության, անկախ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, բռնություններ լրագրողների նկատմամբ:

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Հաքիֆ Ղուրբանովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ աննախադեպ էին հատկապես անկախ դիտորդների նկատմամբ ճնշումները. - «Նրանց չէին թույլատրում հարցեր տալ, շփվել մարդկանց հետ... Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ճնշումները ավելի ուժեղ էին և կրում էին զանգվածային բնույթ»:

Բռնության ենթարկված անկախ դիտորդներից մեկը՝ Ժալյա Բայրամովան պատմել է, որ Լենքորանի ընտրատեղամասերից մեկում անծանոթ կինը հարձակվել է իր վրա, մազերից քաշել և ճանկռոտել դեմքը՝ փորձելով կանխել քվեարկության ընթացքի նկարահանումը:

Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձում է, թե որոշ խախտումներ եղել են, սակայն դրանք համատարած բնույթ չեն կրել, և յուրաքանչյուր նմանօրինակ դեպք հետաքննվում է։

Կիրակնօրյա քվեարկությունը նաև աչքի է ընկել ադրբեջանցի ընտրողների համեմատական պասիվությամբ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 47 տոկոսը, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ցուցանիշից:

XS
SM
MD
LG