Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը փետրվարի 16-ին բողոքի հանրահավաք է ծրագրում՝ ընդդեմ կեղծված ընտրությունների


Ադրբեջան - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 9-ը փետրվարի, 2020թ.
Ադրբեջան - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 9-ը փետրվարի, 2020թ.

Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների արդյունքների հետ չհաշտվող ընդդիմությունը պլանավորել է փետրվարի 16-ին բողոքի հանրահավաք անցկացնել կեղծված ընտրությունների դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին՝ նշելով, որ հանրահավաք անցկացնելու համար մի քանի կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ միասին դիմել են Բաքվի քաղաքապետարան:

Ընտրությունները խստորեն քննադատել է նաև Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության՝ թալիշների Ազգային խորհուրդը: Խորհրդի հայտարարությունում նշված է, որ հարավային շրջանում, ինչպես և երկրի մյուս մասերում, չնայած բնակչության դժգոհություններին ու բողոքներին, խաբեությունների և բռնությունների միջոցով «ընտրվել են» մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն բարձրացրել բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական, մշակութային, էթնիկ-ազգային խնդիրները: «Թալիշների ազգային խորհուրդը» խստորեն դատապարտել է հերթական կեղծված ընտրությունները և պահանջել չեղարկել արդյունքները: Հաղորդելով այս մասին՝ «Թուրան» լրատվական գործակալությունը նշում է, որ թալիշների այս խորհուրդը ձևավորվել է անցած դեկտեմբերին՝ թալիշ մտավորականների և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի ընտրությունները քննադատել են ոչ միայն տեղական կազմակերպությունները, անկախ թեկնածուները, այլև միջազգային դիտորդները: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն ընտրությունների հաջորդ օրը հայտարարել էր, թե ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին և չեն արտացոլում մարդկանց ազատ կամարտահայտությունը:

Մոսկվան պաշտպանել է Ադրբեջանի ընտրությունները և քննադատել եվրոպական դիտորդական առաքելությանը: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվական դեպարտամենտի մեկնաբանությունում նշված է, որ ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն անցկացվել են ազգային օրենսդրությանը համապատասխան, քաղաքացիների ընտրական իրավունքի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե եվրոպական կառույցների դիտորդները կողմնակալ ու սուբյեկտիվ ամփոփիչ գնահատականներ են տվել, որոնք չեն համապատասխանում իրական պատկերին:

«Շնորհավորում ենք մեր ադրբեջանցի ընկերներին ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար, որոնք վկայում են բնակչության աջակցությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված երկրի ժողովրդավարացմանն ու հասարակական-քաղաքական կյանքի արդիականացմանը: Հույս ունենք, որ նորընտիր Միլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև կշարունակվի սերտ և կառուցողական համագործակցությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ավանդական բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանությունում:

XS
SM
MD
LG