Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը թույլ չտվեց ընդդիմությանը բողոքի ակցիա անցկացնել


Ադրբեջան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, Բաքու, 16-ը փետրվարի, 2020թ.

«Ազատ ընտրություններ»` այս կարգախոսի ներքո ընդդիմությունը կիրակի օրը փորձեց բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի հարևանությամբ` հերթական անգամ բախվելով ոստիկանության կոշտ հակազդեցությանը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն էին ընդդիմադիր երկու կուսակցություններ` «Մուսավաթ»-ը և «Հանրապետական այլընտրանքը»` ReAl-ը: Քաղաքական այս ուժերը նախապես փորձել էին քաղաքապետարանից Բաքվի կենտրոնում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալ, բայց ինչպես և նախորդ բոլոր դեպքերում` մերժման էին արժանացել: Չնայած քաղաքապետարանի դիրքորոշմանը և տեղական իշխանությունների` հանրահավաքը Բաքվի արվարձաններից մեկում անցկացնելու առաջարկին, ընդդիմադիրներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին կիրակի օրը հավաքվել ԿԸՀ շենքի մոտ` բողոքելով փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված համատարած խախտումների դեմ:

Բաքվի ժամանակով ժամը 3-ին արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի հարևանությամբ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել: Առավոտվանից այստեղ կուտակված ոստիկանների թիվը, մինչդեռ, անհամեմատ ավելի մեծ էր: Ոստիկաններն առանց ավելորդ խոսքերի սկսեցին բերման ենթարկել ցույցի մասնակիցներին` նստեցնելով դեռ առավոտվանից այդ շրջան բերված ավտոբուսներ: Ընդդիմադիրներից շատերը, այդուհանդերձ, չէին ընկճվում և քաղաքական հայտարարություններով դեռևս ազատության մեջ գտնվող իրենց զինակիցներին էին դիմում հենց ոստիկանական ավտոբուսներից:

Բողոքի ակցիան կազմակերպած ընդիմադիր կուսակցությունների առաջնորդները, սակայն, Բաքվի կենտրոն հասնելու և այս ամենի ականատեսը դառնալու հնարավորություն ընդհանրապես չստացան: ReAl-ի առաջնորդ Իլգար Մամեդովին քաղաքացիական հագուստով ամրակազմ երիտասարդները բերման ենթարկեցին իր տան բակում, այն պահին, երբ նա փորձում էր հանրահավաքի վայր ուղևորվել: Նույնը տեղի ունեցավ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիի հետ: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը կիրակի օրը հինգ տասնյակից ավելի ընդդիմադիր ակտիվիստների բերման ենթարկեց, որոնց ճնշող մեծամասնությունը որպես պատգամավորության թեկնածու մասնակցել էր փետրվարի 9-ի ընտրություններին:

Մի քանի ժամ շարունակ ադրբեջանցի ընդդիմադիրների ճակատագիրն անհայտ էր: Բաքվի ոստիկանության ղեկավարները պնդում էին, որ նրանք քաղաքի ոստիկանական բաժանմունքներից և ոչ մեկում չեն: Միայն երեկոյան կողմ հայտնի դարձավ, թե այս անգամ ընդիմադիրների դեմ պայքարում ինչ մարտավարություն է որդեգրել ոստիկանությունը: Ընդդիմության ակտիվիստներին մեքենաներով և ավտոբուսներով Բաքվից շրջաններ էին տեղափոխել և ազատ արձակել` հիմնականում բնակավայրերից հեռու գտնվող ամայի գյուղական ճանապարհներին:

ReAl-ի առաջնորդ Իլգար Մամեդովն, օրինակ, հայտնվել էր Բաքու-Շամախի ճանապարհի մոտ գտնվող, միջուկային թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Իզոտոպ» գործարանի հարևանությամբ:

Բլոգեր, նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին ոստիկաններն ազատ էին արձակել Քյուրդամիրի շրջանում` մայրաքաղաքից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա:

Օրվա «ռեկորդակիրը», սակայն, ընդդիմադիր D18 շարժման առաջնորդ Ռուսլան Իզեթլին էր, որին ոստիկանները մի քանի ժամում հասցրել էին շուրջ 300 կիլոմետրով հեռացնել Բաքվից` ազատ արձակելով Եվլախում:

XS
SM
MD
LG