Մատչելիության հղումներ

Հետընտրական լարվածություն, բախումներ Ադրբեջանում


Ադրբեջան - Ոստիկանությունը բերման է ենթարկում Բաքվում անցկացվող ցույցի մասնակիցներին, արխիվ

Ադրբեջանում հետընտրական լարվածությունը չի մարում։ Կիրակի օրը տեղի ունեցած վիճահարույց ընտրությունների դեմ բողոքող ակտիվիստների և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել։ Ուժայինների մահակները չեն շրջանցել անգամ բախումները լուսաբանող լրագրողներին, որոնցից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի խումբ ընդդիմադիր թեկնածուներ, ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ կեղծված ընտրությունների, քվեարկության օրը դիտորդների նկատմամբ կիրառված բռնությունների:

Խաղաղ ցույցը քիչ անց վերածվել է աննախադեպ բախումների։ Ոստիկանական ջոկատները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ոչ միայն ակտիվիստներին, այլ նաև օրենքով սահմանված անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի թեկնածուներին, լրագրողներին: Ձերբակալվածներից շատերը, այդ թվում՝ լրագրողներ Այնուր Էլգյունեշը, Սևինջ Վագիֆզադեն, Մուստաֆա Հաջիբեյլին, մարմնական վնասվածքներով, կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Հաջիբեյլին, մասնավորապես, պնդում է, որ ոստիկանների խմբի կողմից ծեծի է ենթարկվել։

Ըստ «Թուրան»-ի, ոստիկանությունն այդքանով չի բավարարվել՝ լրագրողների մի խմբին կեսգիշերին ավտոբուսով տեղափոխել են Բաքվի արվարձան և մայրուղուց հեռու վայրում ազատ արձակել։ Նրանց թվում էր նաև հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան: Խաղաղ ցույցի մասնակիցները, ովքեր ի նշան բողոքի պատրաստվում էին գիշերը լուսացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, պահանջում են հետաքննել փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած աղաղակող խախտումները՝ բռնությունների, բազմակի քվեարկության, լցոնումների դեպքերը, որոնց մասին բարձրաձայնել են նաև միջազգային անկախ դիտորդները:

Միակ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունը, որը հետևում էր ընտրությունների ընթացքին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը, վատթարագույն գնահատականն է տվել: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չկար մրցակցություն, բայց կային թեկնածուների, դիտորդների վրա ճնշումների դեպքեր:

Արդյունքում՝ այս ընտրությունները ևս ավարտվել են իշխող ընտանիքի հերթական հաղթանակով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը Միլի մեջլիսում 125 տեղերից ստացել է 87-ը: Պատգամավորական բոլոր մանդատները՝ բացառությամբ մեկի, ստացել են կա՛մ իշխող ուժի ներկայացուցիչները, կա՛մ իշխանամետ թեկնածուները։

17 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նախաձեռնել հերթական ընտրություններից 9 ամիս առաջ՝ այդ որոշումը պայմանավորելով երկրում ընթացող լայնածավալ տնտեսական բարեփոխումներով: Արտահերթ ընտրությունները, որոնք ի սկզբանե բոյկոտել էր Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի մեծ մասը, Ալիևի վարչակազմը ներկայացնում էր որպես հեղափոխական իրադարձություն՝ հավաստիացնելով, թե դրանք միտված են բացառապես անցնցում սերնդափոխության, ինչը կուժեղացնի երիտասարդ, Արևմուտքում կրթություն ստացած գործիչների ազդեցությունը։

Այդ հայտարարությունները համոզիչ էին թվում նույնիսկ Ադրբեջանի բազմափորձ ընդդիմության որոշ ներկայացուցիչների: Մինչդեռ ադրբեջանական նորընտիր խորհրդարանի հիմնական կազմը գրեթե նույնն է՝ վերընտրվել են անգամ 79-ամյա Զիյադ Սամադզադեն, 81-ամյա Ֆաթահ Հեյդարովը, 72-ամյա Աղլիման Ամիրասլանովը, Ֆազայիլ Աղամալին: Միակ էական բացառությունն ընդդիմադիր գործիչ Էրքին Գադիրլիի ներկայությունն է, ընդ որում՝ «Ռեալ» կուսակցության թեկնածուն ինքն է խոստովանել, որ իշխանությունները հատուկ չեն խանգարել իր քարոզարշավին և դիտավորյալ թույլ թեկնածու են առաջադրել իր ընտրատեղամասում։

XS
SM
MD
LG