Մատչելիության հղումներ

Ռուսական «Գազետա»-ն անդրադարձել է Հայաստանի «տնտեսական հրաշքին»


Հայաստան - Նորաբաց կարի ֆաբրիկա Երևանում, նոյեմբեր, 2019թ.
Հայաստան - Նորաբաց կարի ֆաբրիկա Երևանում, նոյեմբեր, 2019թ.

Հետհեղափոխական Հայաստանի հաջողությունների մասին ռուսական մամուլը, մեղմ ասած, հաճախ չի գրում։ «Գազետա.ռու»-ն այսօր այդ ավանդույթը խախտել է։ «Տնտեսական հրաշք՝ ինչպես Հայաստանը առաջ անցավ Ռուսաստանից» վերնագրով ռուսական թերթն այսօր հոդված է հրապարակել, որում ամփոփում է ԵԱՏՄ անդամների տնտեսությունների գրանցած արդյունքները։

ԵԱՏՄ հնգյակի բոլոր երկրները պաշտոնական տվյալների համաձայն դրական արդյունքներ են գրանցել, սակայն ՀՆԱ աճի տարբերությունը ցնցող է, գրում է հոդվածի հեղինակը։ ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճը գրանցել է Հայաստանը, թերթը նշում է, որ 2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,5 տոկոսով, համեմատելու համար` նույն ժամանակահատվածում Ռուսաստանի տնտեսությունը աճել է 1,3 տոկոս:

Ամբողջ տարվա կանխատեսումը, որը նախանշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, կազմելու է 7,9 տոկոս: Սա ամենաբարձր արդյունքն է ոչ միայն եվրասիական երկրների շրջանում: Հայաստանը կարող է լավագույնը լինել Սևծովյան տարածաշրջանում, հետևում թողնելով Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան և այլ երկրներ:

Կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար հասկանալի խաղի կանոնների ստեղծումը, բանկային թափանցիկ համակարգը դրական են ազդում ներդրողների ծրագրերի վրա, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինի խոսքերն է մեջբերում «Գազետա»-ն: Պանկինը նաև կանխատեսում է, որ Հայաստանի իշխանությունների՝ ենթակառուցվածքների զարգացման վրա պետական կապիտալ ծախսերի մասնաբաժինը բյուջեում ՀՆԱ-ի 2,8 տոկոսից մինչև 5 տոկոսի մեծացնելու մտադրությունը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:

Ի՞նչն է նպաստել «հայկական տնտեսական հրաշքին», եթե տպավորիչ հաջողություն ոչ արդյունաբերության, ոչ էլ առևտրի ոլորտում չի արձանագրվել, իսկ շինարարության ոլորտում աճը նույնիսկ դանդաղել է մինչև 4,5 տոկոս, էներգետիկայի ոլորտում` մինչև 2,7 տոկոս, գրում է հոդվածի հեղինակը և շարունակում, որ առաջընթացն ապահովել է իշխանությունների և հասարակության՝ տնտեսությունը թափանցիկ դարձնելու ցանկությունը:

Ռուսական պարբերականը հիշեցնում է, որ 2018-ին Հայաստանը քաղաքական ճգնաժամ է ապրել: Նոր խորհրդարանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և կազմակերպեցին իրական վերահսկողություն պաշտոնյաների եկամուտների և ծախսերի նկատմամբ:

346 կոռուպցիոն սխեմաների բացահայտման արդյունքում 105 միլիոն դոլար է վերադարձվել բյուջե՝ 7 անգամ ավելի, քան վերադարձվել է անցած 11 տարիների ընթացքում նույն պատճառներով:

Վկայակոչելով հայկական մամուլը՝ ռուսական պարբերականը գրում է, որ Հայաստանի բյուջեից, որը կազմում էր 3 միլիարդ դոլար, գողանում էին մոտ 1 միլիարդը, իսկ ևս 900 միլիոն դոլար բյուջե չէր հասնում հարկերի տեսքով: Ստվերներից ստացված եկամուտների պատճառով հարկային եկամուտները նախորդ տարի աճել էին 43,6 տոկոսով 2017-ի համեմատ, իսկ 2018-ի համեմատ` 20 տոկոսով: Հոդվածի հեղինակը նշում է նաև՝ իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսությունը նվազեցնելու միտում կա, սակայն այն շարունակում է մնալ մոտ 20 տոկոս:

Հոդվածի հեղինակը համեմատականներ տանելով ԵԱՏՄ և տարածաշրջանի երկրների միջև՝ շեշտում է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով, իսկ 18 տարեկանից ցածր երեխաների բժշկական ծառայությունները դարձել են անվճար, հավելելով, թե փաստն այն է, որ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գերազանցել է Վրաստանին և նույնիսկ նավթով հարուստ Ադրբեջանին՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով:

XS
SM
MD
LG