Մատչելիության հղումներ

IMF. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019թ. Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020թ. կանցնի նաև Ադրբեջանից


Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը 2019-ին առաջ է անցել Վրաստանից, իսկ այս տարի կանցնի նաև Ադրբեջանից։

Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն, 2019 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 դոլար, Վրաստանում՝ ավելի քիչ 4290, իսկ Ադրբեջանում ավելի շատ՝ 4690։ Սակայն արդեն այս տարի, համաձայն IMF-ի գնահատականի, Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4760 դոլար, Ադրբեջանում այն կկազմի 4720, իսկ Վրաստանում է՛լ ավելի քիչ՝ 4630 դոլար։

Եթե միջազգային հեղինակավոր ֆինանսական այս կազմակերպության կանխատեսումն իրականություն դառնա, ապա 1993-ից վեր առաջին անգամ հարավկովկասյան երեք երկրների շարքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը վերստին կդառնա տարածաշրջանային առաջատարը։ Ընդ որում, հեռավոր 1993 թվականի վերաբերյալ IMF-ը հրապարակել է Հայաստանի ու Ադրբեջանի տվյալները, Վրաստանին մասին տվյալներ չկան, և այդ տարի Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն բարձր էր Ադրբեջանի նույն այդ ցուցանիշից։

1992-ին առաջատարը Ադրբեջանն էր, այդ թվականին Վրաստանին վերաբերող տվյալներ դարձյալ չկան։ Դե իսկ, 1991-ին տվյալներ չեն եղել բոլոր երեք հարավկովկասյան, այն ժամանակ՝ նորանկախ պետությունների վերաբերյալ։

Այսպիսով, ըստ IMF-ի, 1994 թվականից ի վեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով տարածաշրջանում առաջատարը եղել է կա՛մ Վրաստանը, կա՛մ Ադրբեջանը։ Ընդ որում, 2011 - 2019 թվականներին Հայաստանի ցուցանիշը եղել է վատագույնը։

«Ազատության» հետ զրույցում տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը երկու գործոն առանձնացրեց. - «Վերջին երեք տարիներին եթե դիտարկումներ անենք, Հայաստանի Հանրապետության ուղղակի համախառն ներքին արդյունքի աճի տոկոսն է բավականին բարձր եղել։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսական աճը բավականին բարձր էր, որը չկար մեր հարևան երկու երկրներում։ Վրաստանը և Ադրբեջանը նկատի ունեմ, որովհետև մինչ այդ մենք այդ ցուցանիշով զիջում էինք այդ երկու երկրներին և տարաշրջանում, եթե ավելացնենք Թուրքիան և Իրանը, վերջին տեղում էինք։ Եվ երկրորդ հանգամանքը կար, որը շատ էական ազդեցություն ունի. մեր մոտ դրամը բավականին կայուն էր»։


Ֆեյսբուքյան գրառմամբ թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով Ազգային ժողովի ամբիոնից ունեցած իր ելույթը, երբ խորհրդարանում դեկտեմբերի սկզբին հաստատվում էր 2020 թվականի պետբյուջեի նախագիծը. - «2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից։ Բայց առավել կարևորը՝ 2020 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտ, համենայն դեպս վերջին տասնամյակներում, եղել է վերջինը։ Այս սանդղակում 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը։ Եվ սա է տնտեսական հեղափոխության դրոշը»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով, անշուշտ, նշանակություն է ունեցել հայաստանյան տնտեսության աճը. - «Մենք կարողացանք կարճ ժամանակում ավտորիտար ռեժիմի արդյունքում ձևավորված մոնոպոլիաները քանդել, և արդյունքում ունեցանք մրցունակ ապրանքային շուկա, որի պատճառով ամբողջ տարվա ընթացքում տարածաշրջանում ամենցածր գնաճը ունեցանք։ Հետևաբար մենք նաև կարողացանք համախառն ներքին արդյունքի աճ արձանագրել։ Գիտեք, որ 25 տոկոս և ավելի մենք ունեցանք արտահանման աճ. դրանք լրջագույն տվյալներ են, որոնք հետ, իհարկե, միջազգային կառույցները հաշվի են նստում, և անկախ փորձագիտական շրջանակները, այո՛, գնահատել են մեր տնտեսության հետհեղափոխական աճը»։

Շուտով կլրանա 30-րդ տարին, ինչ Հայաստանն ու խորհրդային մյուս 14 հանրապետությունները անկախություն նվաճեցին։ Եթե հիմք ընդունենք IMF-ի այս վերջին թվերը, տեսնում ենք, որ տնտեսական հաջողությունների առումով Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցրել։ Կանխատեսման համաձայն, 2020 թվականի արդյունքներով 15 հանրապետությունների շարքում Հայաստանը կզբաղեցնի 8-րդ տեղը՝ չնայած 1988-ի երկրաշարժին, ղարաբաղյան պատերազմին, շարունակվող շրջափակմանը և տասնամյակներ տևած կոռումպացված համակարգին։

Ըստ IMF-ի, հետխորհրդային երկրներից 2020 թվականին առաջին տեղում Էստոնիան է լինելու՝ 24 հազար 800 դոլար ցուցանիշով, վերջին հորիզոնականում Տաջիկստանը՝ 910 դոլարով։

Էստոնիա / $24 800
Լիտվա / $20 350
Լատվիա / $19 100
Ռուսաստան / $11 310
Ղազախստան / $9 670
Թուրքմենստան / $8 990
Բելառուս / $6 740
Հայաստան / $4 760
Ադրբեջան / $4 720
Վրաստան / $4 630
Ուկրաինա / $3 880
Մոլդովա / $3 470
Ուզբեկստան / $2 090
Ղրղզստան / $1 340
Տաջիկստան / $910

Նշենք նաև՝ եթե Հայաստանն առաջ է անցելնելու Ադրբեջանից ու Վրաստանից, ապա տակավին զիջելու է Թուրքիային, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2020 թվականին կկազմի 9680 դոլար, և Իրանին, ուր այդ թիվը 5500 դոլար է լինելու։

XS
SM
MD
LG