Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կողմ է սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն կմասնակցի հանրաքվեին


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Հայ ազգային կոնգրեսի համագումարին, արխիվ

Օրինակարգ Սահմանադրական դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կողմ է Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Այդ մասին ասված է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության այսօր տարածած հայտարարությունում։

«Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր», - ասված է հայտարարությունում։

«Ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` Հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG